կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իշխանությունները ցանկանում են Սահմանադրական դատարանը քմահաճույքների ատյան սարքել. Գևորգ Պետրոսյան

Իշխանությունները ցանկանում են Սահմանադրական դատարանը քմահաճույքների ատյան սարքել. Գևորգ Պետրոսյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ձեռնպահ է մնում այս փուլում մեկնաբանել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքը, քանի որ հիմքերին ծանոթ չէ:

«Թույլ տվեք այս պահին չմեկնաբանել առաջադրված մեղադրանքը, այն պարզ պատճառով, որ չեմ ծանոթացել մեղադրանքի հիմքերին», -InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է ՍԴ-ի ու դրա նախագահի շուրջ ստեղծված իրավիճակին, Պետրոսյանը մնացել է նույն դիրքորոշմանը՝ այս քայլով իշխանությունները քաղաքական ճնշման են ենթարկում Սահմանադրական դատարանի նախագահին ու դատավորներին:

«Սահմանադրական դատարանը իշխանությունները ցանկանում են քմահաճույքների ատյան սարքել: Իշխանություններն իրենք էլ ասում են, որ Սահմանադրական դատարանի թնջուկը քաղաքական բնույթ ունի, և ես կասկածի տակ չեմ դնում իրենց իսկ հայտարարությունները», -հավելեց Պետորսյանը:

Ընդդիմադիր պատգամավորը պնդում է, որ Թովմասյանը, որպես Սահմանադրական դատարանի նախագահ, ունի անձեռնմխելի լինելու իրավունք:

«Եթե Սահմանադրական դատարանի դատավորները ընկրկեն, գնան իշխանության քմահաճույքին ընդառաջ և հրաժարական տան, բնական է՝ իշխանության կամքը կիրացվի, իսկ եթե իրենց մեջ կամք գտնեն ու հրաժարական չտան մինչև հունվարի 31-ը, հակասահմանադրական նախաձեռնությունը կխեղդվի օրորոցում»,- մեզ հետ զրույցում ասաց Պետրոսյանը:

Նշենք,որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հրաժարվեց մեկնաբանություններից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հ. Թովմասյանին վերագրվում է մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, շահադիտական դրդումներով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած երկու դրվագ պաշտոնեական լիազորությունների չարաշահում: Գլխավոր դատախազության հաղորդմամբ, դրա հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ Թովմասյանը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու դրվագ) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների առերևույթ կատարման համար նշված գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:

  • Կիսվել: