երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իշխանությունն էլ չգիտի, թե այս զիջումներից հետո ինչ նոր պահանջեր կներկայացնի Ադրբեջանը․ Դանիելյան

Իշխանությունն էլ չգիտի, թե այս զիջումներից հետո ինչ նոր պահանջեր կներկայացնի Ադրբեջանը․ Դանիելյան

Ինչ վերաբերում է իշխանություններին, ձեռքերներդ լվացե՛ք, նրանք որևէ ձևով չեն ուզում օգտակար լինել. միակ բանը, որ նրանց ստիպել է, որ նահանջեն, ձեր դիմադրությունն է: Այս մասին այսօր Ոսկեպարի բնակիչների հետ զրույցում ասաց  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Նրանց նպատակը մի շաբաթ հետո էս գյուղերն ու տարածքները դատարկելն է եղել: Դա ես չեմ ասում, էդ մարդը եկել է, գյուղում էդ խոսակցությունն ունեցել,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգմավորի խոսքով, իշխանությունն էլ չգիտի, թե այս զիջումներից հետո ինչ նոր պահանջեր կներկայացնի Ադրբեջանը: Պատգամավորը կոչ է արել գյուղացիներին  չնահանջել, ամուր կանգնել և պայքարել:

«Թող գնան գլուխները պատին տան, պատը գլուխներին տան, էդ լուծումները գտնեն, ու մեզ չգան ասեն՝ լուծում չկա, լուծումը զիջումն ա, մի հատ էլ պտի կզեք թուրքերի և ադրբեջանցիների առաջ: Իշխանությունները մենակ պադավատների և դաչաների համար չեն, իշխանությունները էդ խնդիրները լուծելու համար են: Եթե չեն լուծելու, թող զիջեն իրենց տաքուկ անկյունները այն մարդկանց, ովքեր այդ հարցի լուծումը կտան»,-ասաց Գառնիկ Դանիելյանը:

Նրա խոսքով, Հայաստանը ունի դաշնակիցներ, բարեկամներ, որոնք պատրաստ են աջակցել, սակայն իշխանությունները խնդիրները չեն բարձրաձայնում, փոխարենը ամենուր հայտնում են, որ այս կամ այն հայկական հողը ադրբեջանական է:

«Ուզում  են էս տարածքները Արցախի օրը գցեն, գազամուղի վրա փական դնեն, ճանապարհները տան Ադրբեջանի վերահսկողության տակ, որևէ հայ չի կարող էդ օրակարգին կողմ լինել: Մենք պայքարելու ենք մինչև վերջ, որովհետև ունենք թասիբ, պատիվ, արժանապատվություն, այս հողերի համար էլ նահատակներ ունենք: Մենք զիջելու հայրենիք չունենք»,-հավելեց պատգամավորը:

Գառնիկ Դանիելյանի խոսքով, հիմա էլ խոսակցություններ են շրջանառվում, թե Ադրբեջանը ցուցակագրել է Բաղանիսի այն բնակիչներին, ովքեր մասնակցել են պատերազմին, և մի օր էլ արտահանձնում է պահանջելու:

«Ադրբեջանցիներն էս 30 տարում մի հատ ծպտուն չէին հանել, էդ ո՞նց եղավ, որ սրանց դեմը դրեցին, ասեցին՝ հիմա էլ պահանջելու ենք, որ էդ մարդկանց արտահանձնեք»,-ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

  • Կիսվել: