Իշխանության օրակարգում դատական համակարգի կայացման ուղղությամբ որևիցե գործնական քայլեր չկան. Փոստանջյան
Մեր երկրում նոր գաղափարների կարիք կա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ով ևս հրավիրված էր մասնակցելու «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարին:
«Այս 30 տարիների ընթացքում մի դատարկություն կա, որ պահանջում է մեզանից նոր գաղափարներ: Այսինքն` գաղափարները միգուցե նորը չեն, բայց կուսակցությունների միջոցով ստանում են համակարգված տեսք»,-ասաց նա:
Փոստանջյանը խոսեց նաև դատական համակարգում ստեղծված իրավիճակից:
«Միանշանակ է, որ ճնշումներ կան դատական համակարգի նկատմամբ: Շատ եմ ցավում, որ շատ մոտ ապագայում արդեն հնարավոր պատժամիջոցներ կկիրառվեն ՀՀ գործադիր իշխանության նկատմամբ այդպիսի ճնշումներ բանեցնելու պատճառով»,-նկատեց Փոստանջյանը:
Նրա կարծիքով` ներկայիս իշխանության օրակարգում դատական համակարգի անկախացման և կայացման ուղղությամբ որևիցե գործնական քայլեր չկան:
Փոստանջյանը խոսեց նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու` պատգամավոր Արման Բաբաջանյանի պահանջի մասին:
«Կարծում եմ` չի կարելի նման հայտարարություններով հանդես գալ: Նախևառաջ եթե մարդուն մեղադրում ես ծանր հանցագործության մեջ, ապա դու պետք է ունենաս հիմքեր: Եվ եթե կան այդ հիմքերը, ապա դրանք պետք է ներկայացնես իրավապահ մարմիններին, ոչ թե պետք է շահարկես»,-նշեց նա: