շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իշխան Սաղաթելյանն արձագանքել է ՀՀ նախագահի՝ բոլոր կողմերի հետ հանդիպման առաջարկին

Իշխան Սաղաթելյանն արձագանքել է ՀՀ նախագահի՝ բոլոր կողմերի հետ հանդիպման առաջարկին

Տպավորություն է, որ իրենց սեւ գործն արել են, հիմա մեզ ինչ-որ քննարկումների՞ են տանում: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանը, որը կլոր սեղանի շուրջ է հրավիրել վարչապետին, Շարժման ներկայացուցիչներին ու ԱԺ խմբակցությունների ղեկավարներին՝ քննարկելու ստեղծված իրավիճակից ելքերը:

Սաղաթելյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Մենք հանդիպումների առումով կոմպլեքսներ չունենք, խնդիրն այն է, թե ինչից պետք է խոսենք: Եթե կլինի օրակարգը, կլինի ինչի մասին... Եթե Արմեն Սարգսյանը հրավիրել է Նիկոլին, որ քննարկենք իր հեռացման ճանապարհային քարտեզը, այդ օրակարգով կարելի է խոսել՛՛:

Խոսելով այն մասին, որ երկխոսության կոչով հանդես է եկել նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ նա ասաց. ՛՛Հիմա էլի հրեշտակի թեւեր սկսեց հագնել Նիկոլի գաղափարական հայրը, անձ, որը տարիներ շարունակ քարոզում էր, որ պետք է տանք, որ լավ ապրենք՛՛:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն տարածեց, որտեղ նշված է, որ ՀՀ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին հրավիրում է հանդիպման:

  • Կիսվել: