շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրանում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 23- ին

Իրանում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 23- ին

Իրանում, կորոնավիրուսով պայմանավորված, Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակիցների թիվն այս տարի սահմանափակ է լինելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կենտրոնական հանձնախմբի ատենապետ Ալեքս Կարապետյանը նշեց, որ տարելիցին ուղղված աշխատանքները հարմարեցնում են երկրում ստեղծված իրավիճակի հետ:

«Թեհրանում, համաճարակով պայմանավորված, այս տարի չենք կարողանա ժողովրդական միջոցառումներ անցկացնել, հավաքներն արգելված են, դպրոցներն առցանց են աշխատում: Աշխատանքները հարմարեցնում ենք ստեղծված իրավիճակին: Ասեմ, որ միջոցառումներն այս տարի սկսվելու են ապրիլի 23-ին: Այդ օրը, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, կազմակերպվելու է մոմավառություն, սակայն յուրաքանչյուրն իր տանը, պատշգամբում: Այդ արարողությունը սոցիալական ցանցերով հեռարձակվելու է, փորձելու ենք սփռել, որպեսզի լայն հասարակությանը հասանելի լինի»,-նշեց Ալեքս Կարապետյանը:

Ապրիլի 24-ին հիշատակի միջոցառում է նախատեսված Նահատակների հուշարձանի մոտ, որտեղ ներկաները ծաղիկներ կխոնարհեն ի հիշատակ նահատակվածների: Ալեքս Կարապետյանը նշեց, որ մասնակցությունը լինելու է սահմանափակ, ներկա են լինելու միայն ազգային իշխանության մարմինների մեկական ներկայացուցիչներ, որպեսզի հնարավոր լինի համաճարակի կանոնները պահպանել: Միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի սոցիալական ցանցերում:

«Այդ միջոցառման շրջանակում նախատեսված են ելույթներ: Ծրագրի վերջում հնչելու է պարսկերեն լեզվով հայտարարագիր: Մեր հայտարարության մեջ շեշտը դրվելու է Թուրքիայի ծավալապաշտության քաղաքականության, այդ երկրից տարածաշրջանի պետությունների ուղղությամբ եկող վտանգի վրա»,-ասաց Ալեքս Կարապետյանը:

Այս հիմնական միջոցառումներից զատ Իրանի 20-ից ավելի հայկական կազմակերպություններ կիրականացնեն նաև ապրիլքսանչորսյան իրենց ծրագրերը:

  • Կիսվել: