Հրայր Թովմասյանը կոչ արեց իզուր տեղը չտանջվել և տարբեր եղանակներով չփորձել իրեն ճնշել, քանի որ միևնույն է ետ նահանջ չի կատարի
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը այսօր «Պրեսսինգ» հաղորդման շրջանակում կոչ արեց իզուր տեղը չտանջվել և տարբեր եղանակներով չփորձել իրեն ճնշել, քանի որ միևնույն է ետ նահանջ չի կատարի։
ՍԴ նախագահը նշեց, որ իր ընտանիքի անդամներն ըմբռնումով են մոտենում ստեղծված իրավիճակին։ «Փառք ու պատիվ կնոջս, որ շատ ըմբռնումով է մոտենում ինձ և թիկունք է։ Հայրս՝ որպես նախկին ոստիկան, այս ամենը հասկանում է, նույնը չեմ կարող ասել մայրիկիս մասին, ով ավելի էմոցիոնալ է այս ամենին նայում», - ասաց Թովմասյանը։
Նա նաև նշեց, որ այն երկրում, որտեղ այդպիսի հայտարարություն է անում երկրի գործադիր իշխանության ղեկավարը (պնդումները, որ ՍԴ նախագահը կեղծիքով է ընտրվել), այդ երկրում հասարակությունը լուրջ մտածելու տեղիք ունի։
«Դուք դատարա՞ն եք, դուք քննիչ եք, որտեղի՞ց ձեզ այդ տվյալները, այդ որտեղից դուք որոշեցիք: Ի՞նչ եք անելու, երբ վաղը ներպետական և միջազգային դատարաններն ասեն՝ չէ, այդ ամբողջը չի եղել: Ինչի իշխանություններն իրավուքն ունեի՞ն իմ հրաժարականը պահանջելու։ Մենք իրավական պետությո՞ւն ենք, թե՞ քրեական ենթամշակույթին հատուկ «պանյատներով» ենք խոսում։ Խորհուրդ կտամ հանգիստ մնալ։ ՍԴ-ից վտանգ չկա։ ՍԴ-ն որևէ անձի, պետական շահի դեմ երբեք որևէ որոշում չի կայացնելու։ Հրայր Թովմասյանը որևէ մեկի դեմ որոշում չի կայացրել», - նշեց Հրայր Թովմասյնաը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանին ոչինչ չի սպառնում քանի դեռ նա ունի մեծամասնություն ։
Նա նար հավաստիացրեց, որ ոչ մեկի հետ լարված հարաբերություններ չունի, քանի որ ի պաշտոնե չի կարող նման հարաբերություններ ունենալ որևէ մեկի հետ։ «Վարչապետի հետ էլ մենք ունենք ինստիտուցիոնալ հարաբերություններ»,- հավելեց ՍԴ նախագահը։ «Եթե մի տեղ անձնականը վեր դրեցինք պետականից, այդ դեպքում պետությունը կավարտվի», - ասաց նա։