երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Ինձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ խորքային խոսակցություն, սակայն հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում. Վիլեն Գաբրիելյան

Ինձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ խորքային խոսակցություն, սակայն հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում. Վիլեն Գաբրիելյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը: 

Եզրափակիչ ելույթում Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց քննարկման համար, նշեց՝ արվել են բավականին բովանդակային հարցադրումներ:

«Շատ ուրախ եմ, որ դուք ինձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ ավելի խորքային խոսակցություն, սակայն կարծում եմ՝ բոլորիդ համար էլ հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում նաև տեխնիկական առումով:

Խորքային քննարկումներ ես ինքս էլ եմ ակնկալում, և այդ խորքային քննարկումներին մենք իրար հետ, վստահեցնում եմ, կհասնենք աշխատանքի ընթացքում, որի արդյունավետությունը ինքներդ կզգաք»,- ասաց Գաբրիելյանը:

Նա վստահեցրեց՝ իր աշխատելաոճը բոլորովին այլ է լինելու՝ թույլ չի տալու, որ ԱԺ ամբիոնից մասնավորապես ընդդիմադիրներ պատգամավորները գան, մատնանշեն խնդիր և այդքանով համարեն իրենց առաքելությունն ավարտված:

«Ո՛չ, առաքելությունը դրանով չի ավարտվում: Իրար հետ ճիշտ մատնանշման պարագայում հետևողական աշխատելու ենք էդ խնդիրների լուծման ուղղությամբ, այդ թվում՝ դուք պարտավոր եք լինելու, եթե մենք չտիրապետենք այդ խնդիրների լուծմանը, բերել այդ խնդիրների լուծումը, և իրար հետ գնալու ենք այդ խնդիրների լուծմանը: Դրանով դուք չեք օգնում ՔՊ-ին, դրանով դուք օգնում եք ՀՀ քաղաքացիներին և քաղաքական առումով նպաստելու եք ձեր առաջխաղացմանը, որովհետև դա ձեզ բերելու է քաղաքական դիվիդենտներ և բարձրացնելու է ձեր քաղաքական ռեյտինգը»,- հավաստիացրեց թեկնածուն:

  • Կիսվել: