երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ինչու՞ Հունաստանի դեսպանը միացավ Շուշի կատարած քարոզչական շրջագայությանը. հարցնում է Greek City Times-ը

Ինչու՞ Հունաստանի դեսպանը միացավ Շուշի կատարած քարոզչական շրջագայությանը. հարցնում է Greek City Times-ը

Բաքվում Հունաստանի դեսպան Նիկոս Պիպերիգոսը միացել է ավելի քան 40 դիվանագետների քարոզչական շրջագայությանը, որը կազմակերպել էր Ադրբեջանի ռեժիմը` վերջերս գրաված պատմական-ժողովրդագրական հայկական Լեռնային Ղարաբաղի տարածքներում, գրում է  հունական Greek City Times-ը:

Ինչպես հաղորդվում է՝ Պիպերիգոսին միացել էին Ավստրիայի, Բելառուսի, Բուլղարիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Աֆղանստանի, Ալժիրի, Պաղեստինի, Վրաստանի, Խորվաթիայի, Հորդանանի, Իսրայելի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Կոլումբիայի, Կորեայի, Կատարի, Լատվիայի, Հունգարիայի, Մալայզիայի, Մեքսիկայի, Մարոկկոյի, Նիդեռլանդների, Պակիստանի, Լեհաստանի, Սերբիայի, Սաուդյան Արաբիայի, Տաջիկստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ճապոնիայի, Հունաստանի, Բելգիայի, ԱՄԷ-ի, Չիլիի, Էստոնիայի, Իրաքի, Իրանի, Ղազախստանի, Լիտվայի, Լիբիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սուդանի և Վենեսուելայի ներկայացուցիչները, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Ադրբեջանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչները:

Կայքում նշվում է, որ թեև անցյալ տարի Հունաստանի դեսպանի՝ հավատարմագրերը հանձնելու արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, որ իրենք աջակցում են Թուրքիային բոլոր հարցերում, այդ թվում` Արևելյան Միջերկրական ծովի տարածքում, այնուամենայնիվ, դեսպան Պիպերիգոսը միացավ քարոզչական շրջագայությանը հանգստյան օրերին:

Ի դեպ՝  ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանները հրաժարվեցին նշված պաշտոնյաներին միանալուց:

Կայքը գրում է, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում որոշումներ կայացնողներն առայժմ պաշտոնապես չեն ճանաչել այսպես կոչված ՛՛Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը՛՛՝ վախենալով, որ Հունաստանը և Կիպրոսը կարող են պատասխան հարվածներ հասցնել` ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես անկախ հանրապետություն:

Այնուհետև հարց է առաջանում, թե ինչու է դեսպան Պիպերիգոսը միացել քարոզչական շրջագայությանը Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքներ, հատկապես, երբ նրա ամերիկացի, ռուս և ֆրանսիացի գործընկերները հրաժարվել են դա անել:

Կայքում նշվում է. ՛՛Դեսպան Պիպերիգոսը չի պատասխանել սոցցանցերի օգտատերերի կողմից տրված այս հարցերին:

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս չի պատասխանել Greek City Times-ի հարցմանը՝ հոդվածի հրապարակման պահին՛՛:

  • Կիսվել: