կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ինչպես Արևմուտքի հետ ենք մեր հարաբերություններն արդարացնում, նույն կերպ էլ Ռուսաստանի հետ. Փաշինյան

Ինչպես Արևմուտքի հետ ենք մեր հարաբերություններն արդարացնում, նույն կերպ էլ Ռուսաստանի հետ. Փաշինյան

Ռուսաստանը մեզ ասում է՝ ա՞յդ է ձեր ակնկալիքն Արևմուտքից, որ այդքան սերտ հարաբերություններ եք հաստատում Եվրամիության հետ, մյուս գործընկերների հետ, ձեր ակնկալիքն ա՞յդ էր, որ ենթադրենք շաբաթը մի անգամ կասեն Լաչինի միջանցքը պետք է բացվի, շնորհակալություն, ցտեսություն: Այս մասին Ֆրանս Պրեսին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է արդարացնում Ռուսաստանի հետ սերտ կապերը կամ վստահությունը այն պարագայում, երբ Ռուսաստանը չի բավարարել Հայաստանի սպասելիքները պատերազմի ժամանակ և դրանից հետո։

Վարչապետը, մասնավորապես, նշել է. ՛՛Նույն հարցը կարելի է տալ ցանկացած երկրի մասին՝ ինչպե՞ս եք Դուք արդարացնում որևէ ուրիշ երկրի հետ լավ հարաբերություններն այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղում խախտվում են մարդու իրավունքները, հումանիտար ճգնաժամ է, էթնիկ զտումներ են նախապատրաստվում, իսկ այդ երկրները պատշաճ ռեակցիա չեն տալիս։ Նույնիսկ այն երկրները, որոնք մարդու իրավունքները, ՄԱԿ-ի կանոնադրությունը, ժողովրդավարությունը, էթնիկ հանդուրժողականությունը համարում են առաջնահերթություն իրենց համար։

Հիմա ուզո՞ւմ ենք ասել, որ աշխարհի բոլոր այն երկրները, որոնց հետ ունենք լավ հարաբերություններ՝ մաքսիմալն անում են, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը հաղթահարվի, ուղիղ Ձեզ ասեմ՝ ոչ։ Ամենատարբեր պատճառներով՝ մեկը գազ է գնում, մյուսը նավթ է գնում, երրորդն իր բանկային համակարգի մասին է մտածում, չորրորդն այլ խնդիրներ ունի, բայց որ մյուս կողմից էլ ասես ոչինչ չեն անում՝ այդ էլ ճիշտ չէ:

Մենք հիմա չենք խոսում ուղղակի քաղաքական կամ ազգամիջյան կոնֆլիկտի մասին, մենք խոսում ենք ցեղասպանության արդեն ոչ թե նախապատրաստության, այլ ընթացող պրոցեսի մասին, որովհետև Ձեզ հայտնի ոչ մի ցեղասպանություն այնպես չի եղել, որ մի օր արթնացել են ու սկսել կոտորել: Գնանք աշխարհի ամենահայտնի ցեղասպանության պատմության՝ Հոլոքոստի հետևից: Հիտլերը եկավ իշխանության, հաջորդ օրը թուրը հանեց ու սկսեց փողոցներում ընկնել հրեաների հետևի՞ց: Ոչ, դա տարիներ է տևել, պրոցես է տևել, որը շատ ընթեռնելի և կանխատեսելի էր: Դա արտահայտվել է հռետորաբանությամբ, դա արտահայտվել է քաղաքականությամբ՛՛:

Նրա խոսքով՝ հիմա Լեռնային Ղարաբաղում գետտո է ստեղծվել՝ բառի բուն իմաստով:

՛՛Էլի եմ ասում, տերմինները երբեմն չենք հասցնում հասկանալիության մակարդակի, մենք մարդկանց տալիս ենք վերնագրեր՝ հումանիտար ճգնաժամ, հումանիտար ճգնաժամ: Լսարանի ինչ-որ մի տոկոս բոլոր մանրամասներով հասկանում է դա ինչ է, բայց մեծ մասն էլ չի հասկանում, որովհետև դա իր գործը չէ: Հումանիտար ճգնաժամ, ի՞նչ է հումանիտարը, ի՞նչ է ճգնաժամը:

Բայց այսօր Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը գետտո է ստեղծում: Ո՞րն է միջազգային հանրության արձագանքը: Ռուսաստանում էլ մեզ ասում են՝ ի՞նչով եք արդարացնում ձեր լավ հարաբերություններն Արևմուտքի հետ, ա՞յդ է ձեր ակնկալիքն իրենցից, որ մի կիսագոլ հայտարարություն անեն, թե Լաչինի միջանցքը պետք է բացվի: Այո, Լաչինի միջանցքը պետք է բացվի: Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում դեռևս փետրվարի 22-ին: Այդ որոշումը միջազգային գերագույն ատյանինն է և որի իրավազորությունը, իմիջիայլոց, Ռուսաստանը կարծես այդքան էլ լավ չի ճանաչում, ոչ ռուսաստանյան, այլ միջազգային հանրության գերագույն ատյանն է: Ռուսաստանը մեզ էլ ասում է՝ ա՞յդ է ձեր ակնկալիքն Արևմուտքից, որ այդքան սերտ հարաբերություններ եք հաստատում Եվրամիության հետ, մյուս գործընկերների հետ, ձեր ակնկալիքն ա՞յդ էր, որ ենթադրենք շաբաթը մի անգամ կասեն Լաչինի միջանցքը պետք է բացվի, շնորհակալություն, ցտեսություն: Ինչպես Արևմուտքի հետ ենք մեր հարաբերություններն արդարացնում, նույն կերպ էլ Ռուսաստանի հետ, ինչպես Արևմուտքի որոշ շրջանակների տրամաբանությամբ են մեր հարաբերությունները չարդարացված Ռուսաստանի հետ, որովհետև Ռուսաստանն իր ոչ բոլոր պարտավորություններն է կատարում և ոչ բոլոր ակնկալիքներն է մեր բավարարում, նույնն էլ Ռուսաստանը մեզ ասում է Արևմուտքի մասին՛՛,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

  • Կիսվել: