երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչպե՞ս է Ղարաբաղը դուրս մնացել բանակցություններից. Ռոբերտ Քոչարյանը պարզաբանեց

Ինչպե՞ս է Ղարաբաղը դուրս մնացել բանակցություններից. Ռոբերտ Քոչարյանը պարզաբանեց

Արդյոք մադրիդյան սկզբունքներն ավելի լավը չէին, քան փաթեթային տարբերակը եւ քան այն, ինչ ունենք այսօր, արդյոք Կազանի փաստաթուղթը ավելի լավը չէր, քան փուլային տարբերակը 1997-ին եւ այն, ինչ ունենք այսօր. կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է: Այս մասին, այսօր տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես ստացվեց, որ հակամարտության լուծումը երկարաձգելու արդյունքում հայկական կողմի դիրքերը եւ հնարավորությունները չավելացան, եւ արդյոք փաթեթային տարբերակն ավելի լավը չէր, քան այն, ինչ ունենք հիմա:

Անդրադառնալով մեղադրանքին, որ իր օրոք Ղարաբաղը դուրս թողնվեց բանակցություններից որպես լիիրավ կողմ, Քոչարյանն ասաց. «Ծեծված թեման՝ բանակցություններից դուրս թողեցին, դուրս չթողեցին, ով դուրս թողեց եւ այլն:

Վերջին բովանդակային քննարկումը Մինսկի խմբի շրջանակներում եղել է 1996-ի հոկտեմբերին, ես Ղարաբաղի նախագահն էի: Դրանից հետո եղել է մեկ հանդիպում, որը բովանդակային մասին չի հասել: Եվ այդ հանդիպումը եղել է 1997-ի ապրիլի 1-ին, երբ ես եղել եմ 10 օր առաջ նշանակված ՀՀ վարչապետ:

1197-ի հունվարին համանախագահողները փոխվեցին, եւ ստեղծվեց եռյակը՝ Ռուսաստան, ԱՄն եւ Ֆրանսիա: Մինչ այդ եղել է Ռուսաստանը եւ հերթով այլ երկրները փոխվում էին՝ Ֆինլադիա, Շվեդիա: Եվ հիմնական քննարկումները եղել են Մինսկի խմբի շրջանակներում: 9 երկրների դեսպանները հավաքվում, քննարկում էր գնում: Դրանք ավելի շատ վարժանքներ էին մտավոր: Այդտեղ Թուրքիան էլ կար:

Համանախագահողները 1997-ի հունվարին որոշել են, որ անում են եւս մեկ Մինսկի խմբի ձեւաչափով նիստ, բայց արդեն եռյակն էր այդ նիստը վարում, եւ այդ նիստի վերջին օրը հայտարարում են, որ իրենք անցնում են մաքոքային դիվանագիտության: Իրենք տեսել են, որ Մինսկի խմբի ձեւաչափով հարցը առաջ չի գնում և փոխել են մասնակցության ձեւաչափը: Դրանից հետո համանախագահողները Մինսկի խումբ չեն հավաքել միասին: Եթե ՀՀ իշխանությունը դրա մասին չգիտի, դա տիեզերական տգիտության գագաթնակետն է: Եթե գիտեն, չեն ասում, խաբում են, դա սրիկայություն է: Ես չգիտեմ, որ տարբերակն է:

Իրենք արդեն Մինսկի խումբ չեն հավաքել, հաջորդ հանդիպումը  Ադրբեջանի նախագահի հետ ես ունեցել եմ 1999 թվականի ապրիլի 1-ին, Ռուսաստանում, Ելցինի միջնորդությամբ: Դրանից հետո ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ, ապրիլի վերջին է եղել հանդիպում:

Ըստ էության, ճիշտ է, Ժիրայր Լիպարիտյան, Վաֆա Գուլուզադե հանդիպումները նպաստել են սրան, բայց իրականում սա եղել է եռյակի որոշումը՝ այլեւս Մինսկի խումբ չհավաքել, իրենք են հայտարարել, որ անցնում են մաքոքային  դիվանագիտության, եւ Ղարաբաղը դրան միշտ ակտիվ մասնակից է եղել: Իմ 10 տարվա ընթացքում այդպիսի դեպք չի եղել, որ գան Հայաստան ու չգնան Ղարաբաղ»,-հայտարարեց Քոչարյանը:

Նա հիշեցրեց, որ ինքը առաջին ղարաբաղցիներից է, որ մասնակցել է Մինսկի խմբի այդ ձեւաչափին, դա եղել է Իտալիայում, 1992-ի ամռանը. «Երկու օր քննարկում էինք, թե Ղարաբաղի մանդատն ինչպիսին է, իրենք էլ դեմ էին տալիս Նիզամի Բախմանովին, ով Շուշիի վերջին շրջանային կոմիտեի նախագահն էր եղել: Մենք վիճարկում էին, թե Բախմանովն ի՞նչ մանդատով է այստեղ: Մինսկի խմբի շրջանակներում մինչեւ վերջին հանդիպումը այդ հարցն է քննարկվել, թե մեր մանդատն ինչ է, եւ Նիզամի Բախմանովի մանդատն ինչ է: Ղարաբաղն, այո մասնակցում էր, բայց հետո այդ ձեւաչափը ընդհանրապես վերացավ: Մինսկի խումբը մնաց, բայց քննարկումները սկսեցին գնալ այլ ձեւաչափով: Եթե համանախագահողները նույն ձեւաչափը հավաքեին, Ղարաբաղը նստած կլիներ նույն ձեւ այդ սեղանի շուրջ: Համարել են, որ արդյունավետ չի եւ անկեղծ ասած, ճիշտ են համարել»,-հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահը:

  • Կիսվել: