Հայաստանը «Նաիրիտ» գործարանի տարածքի շրջակա միջավայրի բարելավման նպատակով 1,5 մլն դոլարի չափով դրամաշնորհ կստանա
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 26–ի նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհի նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ըստ հիմնավորման՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մի շարք քննարկումներ է իրականացրել Համաշխարհային բանկի հետ, մասնավորապես՝ գործարանում առկա սարք-սարքավորումների և քիմիական թափոնների վնասազերծման աշխատանքների իրականացման ուղղությամբ:
Համաձայնագրով նախատեսվում է գործարանի տարածքի շրջակա միջավայրի բարելավման նպատակով առաջարկվող ներդրումային գործառնությանն ուղղված դրամաշնորհի տրամադրում՝ 1,5 մլն ԱՄՆ դոլար ծավալով:
Գործունեության նպատակն է նպաստել հանրության առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերը լուծելու համար առաջարկվող նախագծի նախապատրաստմանը: Նախատեսված են, մասնավորապես, հետևյալ գործողությունները՝ նախագծում և տեխնիկական գնահատում, բնապահպանական և սոցիալական ռիսկերի գնահատում, կարողությունների զարգացում և այլն: