հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Կառավարությունը հաստատել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը

Կառավարությունը հաստատել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը

Գործադիրն ընդունել է «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը սահմանելու, ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները հաստատելու մասին» որոշում: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հանրակրթության բարեփոխումների շատ կարևոր բաղադրիչ է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը, որն ուղղված է սպասարկելու և ապահովելու հանրակրթության թե՛ բովանդակային, թե՛ կառավարման բարեփոխումները: «Հանրակրթության ֆինանսավորման նոր կարգը սկսել է գործել 2023 թ.՝ սկզբունքորեն փոխելով դպրոցների ֆինանսավորման հայեցակարգը, որտեղ մենք անցում արեցինք աշակերտ թվով ֆինանսավորումից դեպի դասարան թվով ֆինանսավորման և սահմանեցինք նորմատիվային ֆինանսավորում դպրոցների համար։ Կարևոր եմ համարում ընդգծել ֆինանսավորման նոր կարգը բարեփոխում է ուսուցչի վարձատրության և աշխատանքի համակարգը»,-ասել է նախարարը: ԿԳՄՍ նախարարը հիշեցրել է՝ ուսուցիչների վարձատրությունը մեկ անգամ բարձրացել է 2019 թվականին՝ համատարած 10 տոկոսով: Այնուհետև, 2020 թվականին սահմանվել է ուսուցչի վարձատրության նվազագույն շեմ՝ 108 հազար 800 դրամ: Ֆինանսավորման նոր կարգով 2023 թվականից ուսուցչի նվազագույն աշխատավարձը սահմանվել է 119,900 դրամ: Բացի այդ՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց՝ նվազեցվել է ուսուցիչների շաբաթական դասավանդվող դասաժամերի քանակը՝ տարրական դասարաններում նախկին 22 ժամի փոխարեն սահմանելով 18, իսկ մնացած դասարաններում՝ 20 ժամ, ինչը ևս հանգեցնում է դասավանդվող մեկ դասի արժեքի բարձրացման՝ 20%-ով տարրական դասարանների և 10%-ով՝ միջին և ավագ դասարանների համար: Նախարարը տեղեկացրել է՝ կրթության որակին ուղղված ֆինանսավորման կարգի մի շարք այլ փոփոխություններ են ներդրվել: Մասնավորապես՝ առաջադիմության խնդիր ունեցող երեխաներին պետության միջոցներով տրամադրվում են կրթական հավելյալ ծառայություններ՝ երկարօրյա պարապմունքների ձևով: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավարտվող ուսումնական տարում 13,400-ից ավելի երեխաներ այս մոտեցմամբ բարելավել են իրենց կրթական արդյունքը:

Ըստ այդմ՝ նոր կարգով սահմանվում է պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ֆինանսավորման կարգը և ֆինանսավորման գործակիցները, ինչպես նաև նորմատիվները կհաստատվեն ՀՀ կառավարության մեկ որոշմամբ՝ հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նոր կարգով նախատեսվում է նաև ՀՀ Կառավարության որոշմամբ ուսումնական հաստատությունների խնայողությունների և տնտեսումների մի մասն ուղղել դպրոցներում առկա այլ խնդիրների լուծմանը: Ըստ նախարարի՝ սա կարևոր ճկունություն է՝ դպրոցներում առաջացող ընթացիկ խնդիրները կարգավորելու առումով: Նախորդ տարի 500 դպրոցում 800 մլն դրամի կապիտալ աշխատանք է իրականացվել անհրաժեշտ ուղղություններով:

Նախատեսվում է ներդնել էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների ուսուցիչների աշխատանքները համակարգողին՝ մենթորին, լրավճար տրամադրելու մեխանիզմ: Ժաննա Անդրեասյանի տեղեկացրել է, որ ուսուցչի՝ չհամալրվող թափուր հաստիք ունեցող գյուղական դպրոցներում իրականացվում է էլեկտրոնային դասավանդում. այս պահին գյուղական 96 դպրոցի 5250 երեխա այս միջոցով շատ կարևոր առարկաների դասավանդում է ստանում 190 ուսուցչի կողմից: Կարգը կգործի 2025 թ. սեպտեմբերի 1-ից:

  • Կիսվել: