շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ինչո՞ւ եք հանրային գումարները ծախսում հանրաքվեի վրա. Այվազյանը՝ Հովակիմյանին

Ինչո՞ւ եք հանրային գումարները ծախսում հանրաքվեի վրա. Այվազյանը՝ Հովակիմյանին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Այվազյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հարց ուղղեց իմքայլական Վահագն Հովակիմյանին՝ հետաքրքրվելով՝ ինչո՞ւ է առաջ ընկնում վարչապետի՝ սահմանադրական բարեփոխումներին միտված նախաձեռնությունից և հանրային գումարները ծախսում հանրաքվեի վրա:

«Նույնիսկ միջազգային կառույցներն են արձանագրում՝ ստեղծված է ճգնաժամ, որը վնասում է ՀՀ-ին, և այն պետք է օր առաջ լուծվի: Ձեր մատնանշած սահմանադրական բարեփոխումները մեծ բարեփոխում են լինելու, որոնք բավական ժամանակատար են, եթե մենք այսօր ձեռքներս ծալած նստենք, դա կլինի անգործություն, այսինքն՝ տեսնել, որ պետությունը հարվածներ է ստանում, վնասներ է կրում, թույլ տալ, որ այդպես մնա, հապաղել, սպասելն անթույլատրելի է: Մենք իրավունք չունենք թույլ տալ, որ մի քանի անձինք ուղղակի անընդհատ Հայաստանի Հանրապետությանն իրենց ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով փորձեն վնասներ հասցնել»,- արձագանքեց Հովակիմյանը:
 
Այսօր ԱԺ արտահերթ նիստում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը առաջին ընթերցմամբ չի ընդունելու այս նախագիծը և Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով ԱԺ-ին տրված լիազորությամբ առաջարկելու է քվեարկության դնել Սահմանադրական փոփոխությունների նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու որոշումը:

  • Կիսվել: