շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իմ փոխարեն խոսում է իմ կատարած աշխատանքը․ Աննա Վարդապետյան

Իմ փոխարեն խոսում է իմ կատարած աշխատանքը․ Աննա Վարդապետյան

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում  գլխավոր դատախազի ընտրության հարցն է, և գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը պատասխանում է ԱԺ իշխանական պատգամավորների հարցերին, ընդդիմությունը բացակայում է նիստից։

«ՔՊ»–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե կադրային բազան մնացել է նույնը և մարդիկ, հատկապես միջին օղակներում, որոշում կայացնելու կարողություն չունեն, ինչպե՞ս է ստիպելու երկարամյա աշխատակիցներից ստանձնել որոշում կայացնելու կարողությունը, ինչպես է Աննա Վարդապետյանն իր պատկերացումները կյանքի կոչելու, երբ համակարգը, ըստ Բագրատյանի,  տասնյակ տարիներ աշխատել է նույն սկզբունքներով։

Աննա Վարդապետյանն ասաց, որ ինքը կոնկրետ է խոսելու․ «Մեկ անգամ չէ, որ ես բախվում եմ իրականությանը, երբ ինձ ասում են՝ դու չես կարողանալու։ Ես գնում պաշտոնը զբաղեցնելու, ես երկար եմ մտածել այս հարցի շուրջ և հեշտ չի տրվել ասել՝ այո, որովհետև ինձ համար նաև մասնագիտական արժանապատվության հարց է, այսինքն՝ ձախողում նշանակում է ձախողում ամբողջ կենսագրության։ Երևի պատկերացնում եք, թե ինձ համար ինչ է եղել նժարին դրված և սա թեթևսոլիկ որոշում չի եղել իմ կողմից։ Ինձ համար մի հստակ չափանիշ կա․ հետևողականություն և հստակ դրված պահանջներ»։

Նա ասաց, որ եթե ուղղահայաց կառավարման համակարգում այդ երկուսը չի խախտում, ուրեմն ցանկացած համակարգ ինքն է ձգտում այդ մեխանիզմով աշխատել։

«Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ ութ ամիս աշխատանքը ցույց տվեց, որ մարդիկ, ովքեր քեզ հետ համախոհ են, կհավաքվեն քո շուրջ, իսկ եթե չեն ուզում աշխատել այդպես, ապա դիսկոմֆորտը երկար չի տևում, հասկանում են, որ ուրեմն չի ստացվի։ Իմ մասին եթե հարցնեք իմ ենթականերին, շատերը կասեն, որ ինձ հետ աշխատելը կանխատեսելի է ու դժվար, կանխատեսելի է, որովհետև պահանջները հստակ են, դժվար, որովհետև ես շատ եմ աշխատում և դա պահանջում եմ իմ ենթականերից, գուցե դա իմ ամենամեծ թերությունն է»,–ասաց գլխավոր դատախազի թեկնածուն։

Նա ասաց, որ բայց արդյուանվետության տեսակետից կարևորում է շատ աշխատանքը։ Ըստ նրա՝ ցանկացած համակարգ, որտեղ կա հստակ պահանջ ու չկա բացառություն, այսինքն՝ մարդը տեսնում է, որ նույնիսկ ամենամոտիկի համար այդ բացառությունը չկա, խաղի կանոները դառնում են հստակ․«Ես խոստումներ չեմ տալիս կյանքում, թույլ տվեք հիմա էլ չտալ, իմ փոխարեն խոսում է իմ կատարած աշխատանքը և հույն ունեմ, որ այս անգամ էլ նույնը կլինի»։

  • Կիսվել: