Իմ կարծիքով, մենք կառավարման համակարգ չպետք է փոխենք. Վարչապետը՝ սահմանադրական փոփոխությունների մասին
Կիսանախագահական համակարգը Հայաստանի երրորդ հանրապետության ողջ ընթացքում մեր երկիրը ձախողած կառավարման համակարգ է, ինչը մենք տեսել ենք ու ապացուցված է, այսօր Կապանում կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հեղափոխության առաջին օրից եղել են մարդիկ, ովքեր ինձ ասել են, որ պետք է արագ վերականգնել կիսանախագահական համակարգը: Ինձ բացատրում էին, որ հին համակարգում լավ է՝ նախագահ ու վարչապետ կա, փաստացի բոլոր լծակները նախագահի ձեռքում էին, իսկ պատասխանատվությունը՝ վարչապետի, երբ պրոբլեմներ էր առաջանում, նախագահն իր պատասխանատվությունը դնում էր վարչապետի վրա, նրան գործից հանում, ինչի արդյունքում բուֆեր էր առաջանում: Իսկ այս դեպքում ամբողջ պատասխանատվությունը վարչապետի վրա է: Ես ասել եմ, որ պետության իրական լիդերն ու ես անձամբ, իմ պատասխանատվությունը երբեք ուրիշի վրա չեմ գցի: Մեր երկրի ձախողումները եկել են այդ անպատասխանտվությունից: Կիսանախագահական կառավարման համակարգն անպատասխանատու կառավարման համակարգ է»,-ասաց վարչապետը։
Նրա խոսքով, Հայաստանում կամ պետք է լինի ամբողջական խորհրդարանական կամ ամբողջական նախագահական համակարգ:
«Իմ կարծիքով, մենք կառավարման համակարգ չպետք է փոխենք: Առնվազն այնքան ժամանակ, մինչև չենք համոզվել, որ այդ համակարգը խնդիր է: Իսկ Սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը պետք է լինի դատական համակարգի համապատասխանեցումն այսօրվա քաղաքական իրողություններին: Նկատի ունեմ ժողովրդի իշխանություն, օրենքի գերակայություն», -հավելեց վարչապետը: