կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Իմ անցած ճանապարհն անցնելու համար կարող է ձեզանից առնվազն երեք կենսաբանական կյանք պահանջի. Ղազարյանը՝ Անդրեասյանին

Իմ անցած ճանապարհն անցնելու համար կարող է ձեզանից առնվազն երեք կենսաբանական կյանք պահանջի. Ղազարյանը՝ Անդրեասյանին

«2023 թվականին ո՞ր բյուջեում էր գրված, որ Հայաստանում պետք է Սնուփ Դոգի համերգ լինի»,-2027 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարարին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Նա հիշեցրեց, որ այդ համերգը չի կայացել, իսկ տարիներ հետո դրա փոխարեն Ջենիֆեր Լոպեսի համերգի վրա է բյուջեից մեծ գումարներ ծախսվել։

«Դուք հաշվե՞լ եք արդյոք, թե այդ համերգի վրա ծախսված գումարները, երաժշտական, արվեստի դպրոցների քանի աշակերտների ուսման վարձի գումար է, քանի երեխա Հայաստանում կարող էր անվճար երաժշտական կրթություն ստանար, հատկապես ժողովրդական գործիքների և ազգային նվագարանների գծով, եթե այդ համերգները Հայաստանում պետական բյուջեով չկազմակերպվեին»,- հարցրեց Ղազարյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվեց, թե ԿԳՄՍ նախարարը արդյոք տեղյակ է, թե երբևէ Սնուփ Դոգը Լաս Վեգասում ԱՄՆ պետական բյուջեից համերգի համար ֆինանսավորվել է։

Էդգար Ղազարյանը նաև սարկազմով շնորհակալություն հայտնեց արդեն «կառուցված» Ակադեմիական քաղաքի հարմարավետությամբ։

ԿԳՄՍ նախարարը նշեց, թե հարց տալու համար պատգամավորը պետք է դիմի իրեն, այնուհետև վստահեցրեց, թե շուտով Ղազարյանն իրոք կհիանա Ակադեմիական քաղաքի շենքերով, իսկ Սնուփ Դոգ-ի նման համերգներով երկրները ՀՆԱ են ապահովում։

«Նախ ինձ դիտողություն անելու համարձակությունից առաջ խնդրում եմ նկատի ունեցեք, որ ես անցել եմ կրթական բոլոր ակադեմիական շերտերը, ունեմ երկու գիտությամբ գիտական կոչումներ և ձեր նկատմամբ վերաբերմունքը ուղղակի վերաբերմունքը է, այլ ոչ թե կրթության պակաս, որը իմ անցած ճանապարհը ձեզ անցնելու համար կարող է առնվազն երեք կենսաբանական կյանք ձեզնից պահանջվի»,- ասաց Էդգար Ղազարյանը: 

Նա նշեց, որ իրեն հետաքրքիր է, թե ինչ ճակատագիր է սպասվում  բուհերին։

«Ես վստահ եմ, որ դուք, որ մի դպրոցում անգամ վերանորոգում չեք կարողանում իրականացնել, քաղաք չեք կարող կառուցել, բայց ինչու եք փակում մեր բուհերը, այդ թվում այն բուհը, որը հիմնադրվել է իմ պաշտոնավարման շրջանում՝ Տնտեսագիտականը»,- ասաց ղազարյանը։

Ժաննա Անդրեասյանը  չպատասխանեց ընդդիմադիր պատգամավորին՝ ասելով. «Պարոն Ղազարյան, ձեզ արձագանքի արժանացնելը մեծ պատիվ կլինի, դուք այդ պատվին չեք արժանացել»։

  • Կիսվել: