կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՀՅԴ-ն ամփոփեց ՏԻՄ ընտրությունների արդյունքները

ՀՅԴ-ն ամփոփեց ՏԻՄ ընտրությունների արդյունքները

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ այսօր, դեկտեմբերի 19-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում՝ 2021 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրություններում Դաշնակցության և նրա կազմած դաշինքների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների և աջակիցների հետ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի տարածած հայտարարությունից:

Հանդիպման ընթացքում ամփոփվեցին ՏԻՄ ընտրությունների արդյունքները, գնահատական տրվեց հետընտրական իրավիճակին, խոսվեց դիմադրության և ՀՅԴ հետագա քայլերի մասին:

Դաշնակցությունը տարբեր համայնքների ՏԻՄ ընտրություններում ձևավորված ավագանիների կազմում ունի 70 անդամ, և շուրջ 10 դաշնակցական ավագանու անդամ է դարձել այլ դաշինքների ցանկերում․ 2021 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ամփոփելիս արձանագրեց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը։

Իսկզբանե ակնհայտ էր, որ ՏՊ համակարգի բարեփոխումների անվան տակ ՀՀ գործող իշխանությունը փորձում է իր ազդեցությունը տարածել․ իր ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը։

Նա արձանագրեց, որ գործող վարչախումբը մինչև ընտրությունները ազատվեց բոլոր այն համայնքի ղեկավարներից, որոնք իրենց համար անցանկալի էին՝ նշանակելով համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ, որոնք հետագայում հայտնվեցին ՔՊ ավագանու ցուցակներում և քվեներ ապահովեցին ՔՊ կուսակցության համար։ Ապա վախեցնելու, աշխատանքից ազատելու, քրեական շինծու գործեր հարուցելու սպառնալիքով իրենց ցանկերը համալրեցին հեղինակություն ունեցող տարբեր մարդկանցով։ Այլ ցուցակների անդամների հանդեպ հետապնդումներ իրականացվեցին։

ՀՅԴ Բյուրոյի նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն իր ելույթում նշեց․ ՀՀ անկախության պատմության մեջ այնպիսի խայտառակ ընտրությունների կազմակերպում և անցկացում՝ ինչպիսին ՏԻՄ ընտրություններն էին, Հայաստանում չի եղել:

«Մի մեծ շիրմաքար է դրվել «ժողովրդավարություն» հասկացության վրա ՏԻՄ ընտրություններում իշխանության ձեռքով։ Այս իշխանությունների հոգեվարքը սկսվելու է հենց այս ընտրությունների արդյունքներից։ Ամեն մեկն իր տանը պետք է զգա այս պատուհաս իշխանություններից ազատվելու անհրաժեշտությունը»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

Նա արձանագրեց, որ այս իշխանություններն ընդհանրապես «կարմիր գիծ» չունեն, որից այն կողմ չեն զիջելու։ Մինչդեռ այդ «կարմիր գծերը» իրենց համար շատ ակնհայտ են, և դրա համար են կոչ անում ժողովրդիին դիմադրել, կանգնել և չնահանջել, որովհետև դրանից հետո այլևս անիմասն է լինելու խոսել մեր տեսակի պահպանության մասին։

ՀՀ-ն պաշտոնապես ներկայացնող որևէ անձ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ընթացակարգերի խախտումով չի կարող ստորագրել քաղաքական կամ ռազմական բնույթի որևէ փաստաթուղթ․ այսպիսի ցանկացած համաձայնություն ի սկզբանե առոչինչ է․ իր ելույթում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Սա թող իմանան բոլորը։ Նիկոլը չունի մանդատ ժողովրդի կողմից Հայաստանը նոր զիջումների տանելու»,-արձանագրեց Իշխան Սաղաթելյանը։

Հայաստանի և հայության կողմից կենսական զիջումներ ենթադրող որևէ գործընթացի վերջնարդյունքը հայոց պետականության փլուզումն է լինելու՝ ասաց նա։ Հայաստանի, որպես ազգային և ինքնիշխան պետության զարգացման երաշխիքը նրա աշխարհաքաղաքական նշանակության և սերունդների իրավունքների պահպանումն ու ամրապնդումն է։

  • Կիսվել: