ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Այսօր ԱՄՆ իշխանությունները միանշանակորեն վերահաստատել են իրենց հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և մարդասիրության սկզբունքներին. Արա Այվազյանը՝ BBC Weekend-ին

Այսօր ԱՄՆ իշխանությունները միանշանակորեն վերահաստատել են իրենց հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և մարդասիրության սկզբունքներին. Արա Այվազյանը՝ BBC Weekend-ին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հարցազրույց է տվել BBC Weekend ծրագրին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը։

Հարցին՝ ո՞րն է ձեր պատասխանը Նախագահ Բայդենի հայտարարությանը, մի՞թե սա այն էր, ինչ ակնկալում էիք, նախարարը պատասխանել է․

«Ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր հայ ժողովուրդը պայքարում է հանուն պատմական արդարության, իր պատմական հայրենիքում անվտանգ և արժանապատիվ կյանքի համար: Մենք ողջունում ենք նախագահ Բայդենի հայտարարությունը, ըստ որի ԱՄՆ-ը հստակորեն սահմանում է 20-րդ դարում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված զանգվածային վայրագությունները որպես ցեղասպանություն: Հիշեցնենք, որ 2019 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող համապատասխան բանաձևեր են ընդունել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը:

Երեկ մենք ոգեկոչեցինք Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ինչպես այստեղ՝ Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր անկյուններում, մենք ականատես եղանք միջազգային հանրության հաստատուն համերաշխության, աջակցության բազմաթիվ հզոր ուղերձների, որոնք ոգևորում են մեզ՝ բազմապատկելու մեր համատեղ ջանքերը՝ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման միջազգային պայքարում»։

Դիտարկմանը՝ արդյոք կարծո՞ւմ եք, որ այլ երկրներ նույնպես կհետևեն այդ օրինակին, Այվազյանը նշել է․

«Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը համամարդկային խնդիր է: Այս ուղերձը նշանակալի ներդրում ունի Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման գործում: Այսօր ԱՄՆ իշխանությունները միանշանակորեն վերահաստատել են իրենց հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և մարդասիրության սկզբունքներին»:

 

  • Կիսվել: