երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հուսանք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության այնպիսի պայմանագիր, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար էլ. Վրաստանի ԱԳ նախարար

Հուսանք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության այնպիսի պայմանագիր, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար էլ. Վրաստանի ԱԳ նախարար

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին քննարկել են Հարավային Կովկասում ընթացող գործընթացները, խոսել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության կարևորության մասին։

Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։ 

«Վրաստանն այս տարածաշրջանում խաղաղություն և կայունություն տեսնելու անկեղծ ցանկություն ունի։ Մենք պատրաստակամ ենք անել այն ամենը, ինչ կարող ենք՝ հասնելու համար այս նպատակին, որպեսզի վստահ լինենք, որ մեր տարածաշրջանը կայուն է, խաղաղ և բարգավաճում է։ Հուսանք, որ խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի համար կամփոփվի այնպիսի դրույթներով, որ երկուստեք ընդունելի կլինի։ Միայն սա կարող է հիմք հանդիսանալ այս տարածաշրջանի կայունության համար, կայուն խաղաղության հասնելու համար։ Եվ մեր տարածաշրջանի ներուժն օգտագործելու համար միայն պետք է հիմնվել այս հիմքի վրա»,- նշեց Վրաստանի արտաքին գործերի նախարարը։ 

Բոճորիշվիլին հավելեց, որ այս տարածաշրջանում անվտանգության մարտահրավերների մասին խոսելիս՝ պետք է նշել այն մարտահրավերները, որոնք գալիս են Ռուսաստանի կողմից, որն օկուպացրել է Վրաստանի որոշ շրջաններ։ «Ես պետք է նշեմ այն մարտահրավերները, որոնք ի հայտ են գալիս՝ այդ իրավիճակով պայմանավորված։ Դրանք են հումանիտար խնդիրները, տնտեսական խնդիրները և սոցիալական ծանր պայմանները։ Սա շարունակաբար մնում է ծանր խնդիր Վրաստանի համար»,- ընդգծեց նախարարը։

Վրաստանի ԱԳ նախարարը նաև շեշտեց, որ Հայաստանն ու Վրաստանը հաստատապես հարգում են միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը և շարունակաբար այդպես կանեն ապագայում՝ լինի դա երկկողմ, թե բազմակողմ հարթակներում։ 

 

  • Կիսվել: