Հուրախություն մեզ՝ բացառությամբ երեք տեղամասերի, որևէ տեղամասի վերաբերյալ տեսագրություն, ընտրախախտում չի արձանագրվել. ԿԸՀ նախագահ
Խորհրդարանը քննարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը:
Հիմնական զեկուցող, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն իր ելույթի սկզբում տեղեկացրեց՝ Աժ ընտրությունների համար ձևավորվել է 2005 տեղամաս, որոնցից 9-ը տեղակայված է եղել ՔԿՀ-ներում, իսկ 1996-ը սովորական ընտրատեղամասեր են եղել: 2005 ընտրական հանձնաժողովներում քվեարկության օրը ընտրությունների կազմակերպմանը մասնակցել է 15 հազար 915-ը:
Նա ուշադրություն հրավիրեց փաստին, որ, օրինակ՝ եթե առաջիկայում համապետական որևէ գործընթաց լինի, ներկայիս ԱԺ երեք խմբակցություններից միայն ՔՊ կուսակցության պոտենցիալ հանձնաժողովականների թիվն է, որ անհրաժեշտ 4000-ին գոնե մոտ է, ապա ներկայացրեց թվերը:
«Այս պահին ՔՊ-ն ունի 3772 պոտենցիալ հանձնաժողովական, որ կարող է նշանակել, ովքեր ունեն համապատասխան արտոնագիր, «Հայաստան» դաշինքի ներուժը 2480 է: Այսինքն՝ 4000 գոնե խմբակցությունը պետք է ունենա, չունի: «Ուժեղ Հայաստան» խմբակցության դեպքում, չնայած մենք, ըստ էության, հուլիսի 14-ից մինչև օգոստոսի 14-ը ընդունում էինք հայտեր, որպեսզի սեպտեմբերից սկսած նոր ուսուցում և ատեստավորում անցնեն, բայց, ցավոք սրտի, «Ուժեղ Հայաստան»-ի հայտով մուտքագրվել է ատեստավորման ենթակա ընդամենը 174 քաղաքացի: Բայց խնդիրն այն է, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններում դուք՝ երեք խմբակցություններդ, ըստ Ընտրական օրենսգրքի, երկուական անդամ պետք է նշանակեք, այդ թվում՝ նաև նախագահ-քարտուղարներ»,- ասաց Հովակիմյանը:
Վերջինս թվարկեց նաև այն դասընթացները, որ կազմակերպել է ԿԸՀ-ն, այդ թվում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների արդեն կազմավորված անդամների համար, նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների համար, տեխնիկական սարքերը սպասարկող 4 հազար 128 մասնագետների համար:
«Տեղամասային ընտրական հանձնաժողովների 16 հազար անդամից դասընթացներին մասնակցել է 14 հազար 874-ը, ինչը վատ էր, որովհետև մեր բոլոր հորդորներին, որպեսզի նշանակող խմբակցությունները հետամուտ լինեն, որ իրենց նշանակած հանձնաժողովականները մասնակցեն դասընթացներին, ոչ միշտ էին պարտաճանաչ արձագանքում»,- նշեց ԿԸՀ նախագահը:
Նրա խոսքով՝ ընտրությունների օրը տեղամասերում տեղադրված է եղել ընդհանուր 4000 սարք:
«4000 սարքից տարբեր պատճառներով խափանվել և փոխարինվել է ընդամենը 19-ը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սարքերը ձեռք են բերվել 9 տարի առաջ»,- հայտնեց նա՝ տեղեկացնելով նաև, որ ընտրատարածքներն իրենց տրամադրության տակ ունեցել են նաև պահեստային սարքավորումներ:
ԿԸՀ նախագահը տեղեկացրեց նաև, որ ընտրողների, ընտրություններին ներգրավված անձանց համար պատրաստվել են 20-ից ավելի ձեռնարկներ, մեկ տասնյակից ավելի տեսահոլովակներ:
«Այն փաստը, որ ընտրությունների օրը հատուկենտ խախտումներ են եղել, նաև այս տեղեկատվական արշավով է պայմանավորված եղել: Ասինքն՝ այն իրազեկման արշավը, որն իրականացվել է, երկու նպատակ է ունեցել՝ իրազեկել թե՛ դերակատարներին, թե՛ ընտրողներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին, մյուս թիրախը եղել է՝ խթանել ընտրողների մասնակցությունը»,- նշեց Հովակիմյանը:
Նրա խոսքով՝ ընտրությունների օրը գեներացվել է 82 հազար 572 ժամ տեսագրություն:
«Հուրախություն մեզ՝ բացառությամբ երեք տեղամասերի, որոնց արդյունքները հետագայում ԿԸՀ-ի կողմից անվավեր են ճանաչվել, որևէ տեղամասի վերաբերյալ տեսագրություն, ընտրախախտում, կոպիտ խախտում չի հրապարակվել, չի ներկայացվել ոչ հանրությանը, ո՛չ ՍԴ-ին հետագայում: Չի եղել նման բան: Մնացած 2002 տեղամասերի հետ կապված ընտրախախտման փաստ, որը կարող էր ազդել արդյունքների վրա, չի եղել, որովհետև չէր կարող ներկայացվել մի բան, որը չէր եղել»,- ընդգծեց ԿԸՀ նախագահը:



