Հնարավոր է՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը նվազեցնեն միմյանց միջև ռոումինգի սակագինը. աղբյուր
Հաջորդ շաբաթ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, հնարավոր է, հայտարարեն միմյանց միջև ռոումինգի սակագների նվազեցման մասին: Այս մասին դեռ դեկտեմբերի 5-ին իր թվիթերյան էջում գրել էր ՛՛Ազատություն՛՛ ռադիոկայանի եվրոպական բյուրոյի խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։
՛՛Հաջորդ շաբաթ Բրյուսելում ՛՛Արևելյան գործընկերության՛՛ հինգ երկրներ, հավանաբար, պայմանավորվածություններ ձեռք կբերեն միմյանց միջև ռոումինգի սակագների աստիճանական նվազեցման վերաբերյալ: Ստորագրումը կարող է տեղի ունենալ դրանից անմիջապես հետո՛՛,-նշել էր նա:
Իր հերթին ՛՛Նովոստի- Գռուզիա՛՛-ն հայտնել է, որ այդ համաձայնագրի շնորհիվ մինչև 2026 թվականը ՛՛Արեւելյան գործընկերության՛՛ երկրներում ռոումինգի ծառայությունների սակագները կնվազեն գրեթե 90 տոկոսով:
Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպում են անցկացնում Արևելյան գործընկերության անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ։