Հիփոթեքով բնակարանների գնման համար եկամտային հարկի վերադարձը մեկ օր շուտ պետք է հանել. «Իմ քայլի» պատգամավոր
Բնակարանաշինության ոլորտում եկամտային հարկի վերադարձը մեկ օր շուտ պետք է հանել, որովհետև մարդիկ կան, որոնք ունեն բազմաթիվ բնակարաններ, այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Նշենք, որ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները վերաբերում են առանձին մասնագիտությունների գծով աշխատող ուսանողների ուսման վարձի եկամտային հարկի վերադարձին: Բյուջեի վրա ռիսկերը կանխատեսելի լինելու համար նախագծով նախատեսվում է, որ առաջարկվող արտոնությունը կգործի կառավարության կողմից սահմանված մասնագիտություններում:
Աղազարյանն ասաց, որ կան մարդիկ, հիմնականում՝ հարուստ, ովքեր բիզնես դնելու փոխարեն «անհասկանալի շենքեր են կառուցում»:
«Մեկ օր շուտ, սիրելի կառավարություն, վերացրեք այդ ծրագիրը»,- հայտարարեց Աղազարյանը:
Նկատենք՝ ըստ գործող կարգի, հիփոթեքային վարկով նորակառույց շենքերում բնակարաններ գնելու դեպքում պետությունը վերադարձնում է եկամտային հարկը՝ մինչև 500 հազար դրամ չափով: