շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Յաապ Ֆրեդերիկսը սեպտեմբերի 26-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ դեսպանատան աշխատակիցների ուղեկցությամբ:
 
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
 
Դեսպան Յաապ Ֆրեդերիկսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
 
ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:
 
Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո դեսպան Յաապ Ֆրեդերիկսը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

  • Կիսվել: