ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լիոնի քաղաքապետը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրում

Լիոնի քաղաքապետը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրում

 Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ։ Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Պարոն Դուսեն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Լիոնի քաղաքապետարանի ներկայացուցիչները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո քաղաքապետ Գրեգորի Դուսեն  գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

 

Այցի ավարտին հյուրերը ծառ են տնկել Հիշողության պուրակում։

  • Կիսվել: