կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՀՀ սահմանների, մասնավորապես՝ Սյունիքի սահմանների անվտանգության մակարդակը պետք է բարձրացնել. վարչապետ

ՀՀ սահմանների, մասնավորապես՝ Սյունիքի սահմանների անվտանգության մակարդակը պետք է բարձրացնել. վարչապետ

44-օրյա պատերազմը, ցավոք, մեզ համար այն ընթացքը չի ունեցել, որը կարող էինք ակնկալել: Այս մասին Սյունիքում հրավիրված խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մի իրավիճակում, երբ մեր պաշտպանական կարողությունները բավարար և պատշաճ չէին, որոշում է կայացվել՝ Սյունիքի սահմանագիծը համապատասխանեցնել Հավաքական անվտանգության պայմանագրի սահմանագծին, որպեսզի մենք այդտեղ կոլեկտիվ անվտանգության համակարգերը կարողանանք աշխատեցնել»,- նշել է նա:

Փաշինյանը հիշեցրել է՝ շատ քննարկվում է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքը, նա կրկին ընդգծել է, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը տարածվել է, համենայնդեպս - հիմա կա նաև այլ գործոն, իհարկե, ռուս խաղաղապահների գործոնը Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում - Հայաստանի մասով մինչ այս պահն էլ ռուս-հայկական ռազմաքաղաքական դաշինքը տարածվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանները ներառյալ և այդ սահմաններից ներս:

«Իսկ ինչպիսի՞ն են այդ սահմանները: Հատուկ ուզում եմ ընդգծել, որ այդ սահմանները Հայաստանի Հանրապետությունն ինքը որոշել է և տեղորոշել է - արդեն դրա մասին բազմիցս խոսել եմ - «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով՝ ընդունված 2010 թվականի մայիսի 24-ին, որտեղ վարչական սահմաններն են գծվել: Հիմա, այդ օրենքի հավելվածից ի՞նչ ենք կարդում, ի՞նչ են սահմանել՝

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը: Շուռնուխ գյուղական համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում: «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն): Հաջորդ պարբերությունը՝ Շուռնուխ-պետական սահման (Ադրբեջանի Հանրապետություն) սահմանագիծը՝ «Ա»-«Բ»: «Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

Հաջորդը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Որոտան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը: «Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ: Սա շատ կարևոր է ընդգծել, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ինքը, 2010 թվականին ընդունված օրենքով, նկարագրել է իր տարածքը, այն տարածքը, որտեղ Հավաքական անվտանգության պայմանագիրը գործում է:

Բոլորիս ուշադրությունն եմ ուզում հրավիրել, որ չի նշվել, որ սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանի հետ, այլ գրվել է, որ սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի պետական սահմանի հետ: Եվ սրանք են այն շղթայական իրողությունները, որոնք բերել են այսօրվա ստատուս քվոյին»,- նշել է վարչապետը:

Բայց, այնուամենայնիվ, ըստ Փաշինյանի, մեր խնդիրը հետևյալն է. նա ընդգծել է, որ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության սահմանների և, մասնավորապես, Սյունիքի մարզի սահմանների պահպանության և անվտանգության մակարդակը պետք է բարձրացնել:

«Հարցը պետք է բաժանել 2 մասի՝ առաջինը՝ սահմանի պահպանությունը, երկրորդը՝ երկրի անվտանգության պաշտպանությունը: Սահմանային անվտանգությունը, ինչպես արդեն պայմանավորվել ենք և կատարել ենք համապատասխան որոշումներ, պետք է իրականացնեն Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, իսկ արդեն անվտանգային հարցերով՝ բնականաբար, մեր բանակը, մեր Զինված ուժերը:

 

  • Կիսվել: