երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
ՀՀ-ն օրթոպեդիկ վարպետության տեսանկյունից համաշխարհային սանդղակում բավական բարձր դիրքերում է.Պրոֆեսոր Չարչյանը օրթոպեդիայի զարգացման եւ լավ բժիշկ դառնալու վարպետության մասին

ՀՀ-ն օրթոպեդիկ վարպետության տեսանկյունից համաշխարհային սանդղակում բավական բարձր դիրքերում է.Պրոֆեսոր Չարչյանը օրթոպեդիայի զարգացման եւ լավ բժիշկ դառնալու վարպետության մասին

Որքանո՞վ է Հայաստանում օրթոպեդիկ ծառայությունը համապատասխանում միջազգային փորձին, կա՞ն օրթոպեդիկ ծառայություններ, որոնք դեռ Հայաստան չեն հասել,  ինչո՞ւմն է կայանում այս ծառայության առանձնահատկությունը, բժիշկ ծնվո՞ւմ են, թե՞ դառնում այս եւ այլ հարցերի շուրջ InfoPort.am-ը իր նոր` «Առողջապահություն» խորագրի շրջանակներում զրուցել է  պրոֆեսոր, օրթոպեդ-վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոցենտ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գիտական ծրագրերի համակարգող Արմեն Չարչյանի հետ:

-Պրոֆեսոր, հայտնի է, որ օրթոպեդիաի ձևավորման ընթացքում կիրառում էին բուժման պահպանողական մեթոդները, հետագայում սկսեցին կիրառել նաև վիրաբուժական մեթոդներ (ոսկրահատում, ոսկրամիացում, հոդերի, մկանների, ջլերի փոխպատվաստում և այլն): Որքանո՞վ է այսօր հայաստանյան օրթոպեդիան կարողանում միջազգային ստանդարտներին համահունչ քայլել:

-Ասեմ, որ Հայաստանում այսօր վնասվածքաբանությունը եւ օրթոպեդիան համաշխարհային սանդղակում բավականաչափ բարձր դիրքերում է:  Բնականաբար, նյութերի, սարքավորումների տեսանկյունից որոշակիորեն զիջում ենք աշխարհի առաջատար երկրներին (ԱՄՆ, Արեւմտյան Եվրոպա, ՌԴ, Չինաստան): Բայց օրթոպեդիկ մտքի, կատարողական տեխնիկայի, կատարողական վարպետության, իմպրովիզացիոն մտածելակերպի տեսանկյունից,  մենք չենք զիջում նույն առաջատար երկրներին:

-Պրոֆեսոր, կա՞ն ծառայություններ կոնկրետ օրթոպեդիկ ոլորտում, որոնք դեռ Հայաստան չեն հասել:

-Բնականաբար, կան որոշակի ծառայություններ, որոնք մեզ մոտ դեռ չեն ներդրվել: Բայց, այնպես չէ, որ հետ ենք առհասարակ հետ ենք մնում աշխարհի տենդենցներից: Տեսեք, մեզ մոտ` ՀՀ-ում երկու շաբաթ առաջ կատարվեց սրունք-թաթային հոդի էնդոպրոթեզավորում, քիչ քանակությամբ, բայց կատարվում է նաեւ ուսահոդի էնդոպրոթեզավորում, տարբեր պլաստիկաներ, տարբեր բուժական մեթոդներ եւ մեթոլոգիաներ, որոնք, այո, դեռ ամբողջությամբ ՀՀ-ում չեն ներդրվել:

-Ինչո՞վ է պայմանավորված դա` մասնագետների՞, թե՞ սարքավորումների պակասով:

-Չէ, մասնագետների խնդիր ՀՀ-ն չունի, հիմնականում պայմանավորված է  ժամանակակից սարքավորումների բացակայությամբ: Դա էլ իր հերթին պայմանավորված է շատ թանկ գներով, իսկ օրթոպեդիան եւ վնասվածքաբանությունը այն ոլորտներից են, որոնք պարբերաբար ներդրում եւ զարգացում է պահանջում:

-Պրոֆեսոր, ՀՀ-ում առավելապես ի՞նչ օրթոպեդիկ խնդիրներով են դիմում պացիենտները:

-Հիմնականում հանդիպում են խոշոր հոդերի, ազդրային, ծնկային, ուսային արթրոզներ: Արտրոզը հոդերի քրոնիկ դեգեներատիվ հիվանդություն է, որն արտահայտվում է դրանց ոչնչացմամբ: Այս դեպքում վնասվում են հոդի հոդավորման բոլոր կառուցվածքները ՝ աճառային, ոսկորային, կապակցված հյուսվածք (կապաններ և հոդային տոպրակ): Հիվանդությունը տարածված է: Տարածված են նաեւ ոտնաթաթի պաթոլոգիաները:

-Պրոֆեսոր, ամփոփելով զրույցը, ի վերջո բժիշկ ծնվո՞ւմ են, թե՞ դառնում, եւ առհասարակ ինչ է պետք լավ բժիշկ լինելու համար:

-Պետք է «և» «և», այսինքն, եթե դու բժիշկ ծնվել ես , բայց չես աշխատում քեզ վրա, դու երբեք ի վերջո նորմալ բժիշկ չես կարող լինել: Եթե ուզում ես լինել բարձրակարգ եւ ընդունված բժիշկ, դա պետք է լինի քո հոգեվիճակը, պետք է քրտնաջան աշխատանք տանես, որպեսզի ի վերուստ տրված կարողությունները կարողանաս կյանքի կոչել:

  • Կիսվել: