կիրակի, փետրվար 9
9 / 2 / 2025
ՀՀ-ՄԱԿ ծրագրային համագործակցությունը պետք է  նպաստի ճգնաժամերի ու արտակարգ իրավիճակների նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացմանը. ԱԳՆ տեղակալ

ՀՀ-ՄԱԿ ծրագրային համագործակցությունը պետք է նպաստի ճգնաժամերի ու արտակարգ իրավիճակների նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացմանը. ԱԳՆ տեղակալ

Հունվարի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցել ՀՀ ԱԳ նախարարությանը և ՄԱԿ գրասենյակի կողմից կազմակերպված հանդիպում, որի շրջանակներում քննարկվել են Հայաստանի համար 2021-2025թթ. ՄԱԿ Կայուն զարգացման համագործակցության շրջանակի իրականացման ընթացքը և գալիք հնգամյակում Հայաստան-ՄԱԿ համագործակցության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական գերատեսչությունների և ՄԱԿ մասնագիտացված գործակալությունների ներկայացուցիչները:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և  դրական գնահատել Հայաստանի ծրագրային համագործակցությունը ՄԱԿ-ի հետ ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում։ Նա  կարևորել է հստակ թիրախների ու միջոցառումների նախանշումը՝ զարգացնելու Հայաստանի ազգային կարողությունները մարդկային կապիտալի զարգացման, որակյալ կրթության և առողջապահության, խոցելի խմբերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների սոցիալ-տնտեսական կարիքների հասցեագրման, ներառական և կայուն տնտեսական զարգացման, պարենային անվտանգության, կանաչ անցման, թվային փոխակերպման ոլորտներում։

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՀՀ-ՄԱԿ ծրագրային համագործակցությունը պետք է բխի Հայաստանի կարիքներից ու առաջնայնություններից և նպաստի ճգնաժամերի ու արտակարգ իրավիճակների նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացմանը։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների և ՄԱԿ գործակալությունների մասնակցությամբ, որոնց ընթացքում քննարկվել է 2021-2025թթ. ՄԱԿ Կայուն զարգացման համագործակցության շրջանակի իրականացման առաջընթացը, առկա բացերը և հետագա ծրագրային համագործակցության հեռանկարային ուղղությունները:

  • Կիսվել: