կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Ֆրանսիայի դեսպան

ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Ֆրանսիայի դեսպան

Վերջին տարիներին իր ընտրություններում Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա՝ ժողովրդավարության ամրապնդմամբ, օրենքի գերակայության զարգացմամբ, իր խիզախ որոշումներով, ինչպես Հռոմի ստատուտի վավերացումը՝ դառնալով Միջազգային քրեական դատարանի մասնակից պետություններից մեկը: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

«Հայաստանի կողմից իրական մերձեցում է նկատվում դեպի Եվրոպա: Ի վերջո, Հայաստանի իշխանությունները պետք է որոշեն՝ ուզո՞ւմ են, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ: Դա իրավական, պաշտոնական գործընթաց է, եւ նրանք այսօր չեն ձեւակերպել այդ խնդրանքը:

Հայաստանի մերձեցումը Եվրոպային լայն առումով գործընթաց է, որն արդեն սկսվել է: Ֆրանսիան մի նախաձեռնություն է սկսել նախագահ Մակրոնի կողմից՝ աշխատելու այն թեմաների շուրջ, որոնք հետաքրքրում են Եվրոպայի որպես մայրցամաք՝ ԵՄ երկրներից զատ բառիս լայն իմաստով: Խոսքը եվրոպական քաղաքական համայնքի մասին է, որի անդամ է Հայաստանը եւ մասնակցում է նրա ժողովներին: Ի դեպ, Պրահայում, եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում 2022-ի հոկտեմբերին Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու բանակցություններում առաջընթաց գրանցվեց: Հետեւաբար, Հայաստանն արդեն իսկ հանձնառություն է ստանձնել գնալու այդ ուղիով»,-ասաց նա:

Դեսպանը խոսեց նաեւ Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ մշակութային ու քաղաքակրթական նմանությունների մասին՝ նշելով. «Հայաստանն ունի բազմաթիվ պատմական եւ մշակութային կապեր Եվրոպայի հետ: Ես, որպես ֆրանսիացի, զարմացած եմ, որ միակ օտարերկրացի թագավորը, որ հանգչում է Ֆրանսիայի Սեն Դենիում գտնվող թագավորների նեկրոպոլիսում, հայ թագավորը: Խոսքը Կիլիկիայի թագավոր Լեւոն Լուսինյանի մասին է: Մենք ունենք ամուր կապեր Հայաստանի հետ: Սա առավել քան իրական է մեզ՝ ֆրանսիացիներիս համար, որոնք ունեն հերոսներ, օրինակ Միսաք Մանուշյանը, ով վերջերս  վերահուղարկավորվեց Պանթեոնում: Մեր լեզվի, մշակույթի խորհրդանիշներ, ինչպիսին է Շառլ Ազնավուրը: Նրանք հայեր են, հայկական ծագումով ֆրանսիացիներ: Այս մտերմությունը մեզ համար ակնհայտ է»:

  • Կիսվել: