ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է «3+3» ձևաչափին
Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, պատասխանելով «3+3» ձևաչափի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին ՛՛Ազատության՛՛ հարցին, կարևոր է համարել մասնակից երկրների հարաբերությունների բնույթը:
Հունանյանը նշել է, որ տարածաշրջանային գործակցության ցանկացած ձևաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն հիմնված է դրանում ներգրավված բոլոր պետությունների միջև փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա:
՛՛Հակառակ պարագայում դա կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմ ձևաչափ, ինչն էլ կարող է հանգեցնել թե՛ այդ բազմակողմ ձևաչափի, թե՛ երկկողմ երկխոսության խաթարմանը:
Մեզ համար սկզբունքային է նաև, որ այն հնարավոր թեմաները, որոնք կարող են քննարկվել այդ ձևաչափում, որևէ կերպ չհամընկնեն այլ ձևաչափերի մանդատի և քննարկման հարցերի շրջանակի հետ՛՛,-ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը: