Հետպատերազմական շրջանակում 2022 թվականի համար ռազմական բյուջեի 11 տոկոսով ավելացումը ցածր ցուցանիշ է. Աբրահամյան
Հետպատերազմական շրջանակում 2022 թվականի համար ռազմական բյուջեի 11 տոկոսով ավելացումը ցածր ցուցանիշ է։Այս մաաին ԱԺ- ում հայտարարությունների ժամին նշեց ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Անկախ բովանդակությունից՝ հետպատերազմական ժամանակահատվածում ռազմական բյուջեի 11 տոկոս աճը բավականին ցածր տեմպ է՝ անվտանգության համակարգի վերականգնման, վերակազմավորման և ռեֆորմներ իրականացնելու համար»,-ասաց Աբրահամյանը:
Ըստ պատգամավորի՝ կառավարությունը Զինված ուժերի բարեփոխումների հարցում դանդաղկոտություն է ցուցաբերում, ինչը նա անհասկանալի է համարում: «Ենթադրվում է, որ դրանք մինչև 2022 թվականի բյուջեի նախագծի խորհրդարան բերվելը պետք է հաստատվեին, որ հնարավորություն ունենային հայեցակարգային առաջնահերթությունները ներառել ռազմական բյուջեում»,-ասաց Աբրահամյանը:
Պատգամավորը կարևորեց հաշվի առնել այն հանգամանքը, որ ռազմական բյուջեի մի մեծ հատված ուղղվում է գնումների գործընթացին, իսկ երկրում տարբեր ծառայությունների և ապրանքների գները անկանխատեսելի տեմպերով աճում են: «Եվ, ըստ էության, ռազմական բյուջեի պլանավորված աճի մի զգալի մաս ուղղվելու է գնաճային խնդիրների չեզոքացմանը, այլ ոչ թե որակական և բովանդակային փոփոխությանը»,-նշեց պատգամավորը: