ՀԷՑ-ի, ՋԷԿ-երի, ՀԷԿ-երի իրական սեփականատերերը պետք է լինեն թափանցիկ. Կառավարությունը դեմ է իշխանական պատգամավորների առաջարկին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը և Արտակ Մանուկյանը կառավարությանը նոր առաջարկով են դիմել, սակայն գործադիրի համար այն ընդունելի չէ: Պատգամավորիների հեղինակած «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն այսօր խորհրդարանում քննարկվեց առաջին ընթերցման ռեժիմով: Պատգամավորներն առաջարկում են կառավարությանը բացահայտել էներգետիկ ոլորտի իրական սեփականատերերին:
Արտակ Մանուկյանի խոսքով` փոփոխությունների համար հիմք է դարձել խորհրդարանի կողմից վերջերս ընդունված հանքարդյունաբերության ոլորտի իրական սեփականատերերին բացահայտելու նախագիծը:
«Երբ փորձեցինք հանքարդյունաբերության ոլորտի իրական սեփականատերերին բացահայտել, քննարկեցինք, թե ինչու նույն մոտեցումները չկիրառենք հանրային ռեսուրսներ տնօրինող և այդ առումով սակագնի ձևավորման վրա ազդող օբյեկտների նկատմամբ: Տրամաբանությունն այն է, որ օրինակ՝ ՀԷՑ-ի, ՋԷԿ-երի, ՀԷԿ-երի, որոնց գործունեության արդյունքում ձևավորվում է սակագին, պետք է իրական սեփականատերերը լինեն թափանցիկ: Այդ տրամաբանությամբ, երբ հանքարդյունաբերության ոլորտում օրենքով դրված էր 10 տոկոսանոց շեմ, նույն կարգավորումները առաջարկել ենք Էներգետիկայի մասին օրենքում` առաջարկելով այդ սուբյեկտներին ևս հաշվետու դարձնել»,- նախագծի էությունը ներկայացրեց Մանուկյանը:
Ավելին, ըստ պատգամավորի, դրանք այն ոլորտներն են, որոնց նկատմամբ հանրությունը պարբերաբար անվստահություն է ունեցել: Նկատենք՝ պատգամավորներն այս փոփոխություններով առաջարկում են էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի արտադրության, էլեկտրական ու ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ստանալու համար դիմող իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում 10 տոկոսից ավելի մասնաբաժին ունեցող անձանց տվյալները հանրայնացնել` նպատակ ունենալով էներգետիկայի բնագավառում թափանցիկություն ապահովել:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը, որը նախագծի հարակից զեկուցողն էր, ասաց, որ ըստ իրենց՝ ոլորտի կարգավորման տեսանկյունից նախաձեռնությունն ընդունելի է, սակայն որոշակի մտահոգություններ ունի Արդարադատության նախարարությունը:
«Քանի որ հանքարդյունաբերության ոլորտում այս ինստիտուտի ներդրումը առաջացրել է որոշակի խնդիրներ հայտարարագրերի ձևավորման և այլ օրենսդրական օրենքների փոփոխության իմաստով: Լավ կլինի հետաձգել այս նախաձեռնության քննարկումը մինչև հանքարդյունաբերության ոլորտում կատարված փոփոխություններն ամբողջովին կներդվեն, օրենքը կաշխատի: Կառավարությունն այս փուլում առաջարկում է ձեռնպահ մնալ նման նախաձեռնությունից, սպասել որոշակի ժամանակ` մեկ-երկու տարի, մինչ Կառավարությունը հանդես կգա նախաձեռնությամբ` համալիր ամբողջական փոխոխություններ իրականացնել բոլոր ոլորտներում: Այս ինստիտուտը ներդնել և բոլոր ոլորտներում հատվածական լուծումներ չունենանք»,- կառավարության դիրքորոշումը ներկայացրեց փոխնախարարը:
Սակայն խորհրդարանն անդրդվելի է.
«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը ընդդիմացավ փոխնախարարին՝ ընդգծելով, որ օրենքի ընդունումը խիստ անհրաժեշտ է:
«Եթե մի օրենք ենք ընդունում, պետք է արդյունք ունենանք, և արդյունքը գեներացվի», -նշեց նա:
Նախագծի համահեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը ասաց, որ կառավարության հակափաստարկները համոզիչ չեն, անհրաժշտ է, որ նախագիծն ընդունվի, և էներգետիկ ոլորտի իրական սեփականատերերը պետք է հայտնի լինեն հանրությանը: