հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀԲԸՄ-ն և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը Մայր Աթոռի թանգարանային ժառանգության պահպանմանն ուղղված ծրագիր են մեկնարկում

ՀԲԸՄ-ն և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը Մայր Աթոռի թանգարանային ժառանգության պահպանմանն ուղղված ծրագիր են մեկնարկում

Մարտի 17-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Հայաստանում Ճապոնիայի դեսպանության միջև ստորագրվեց դրամաշնորհային ծրագրի պայմանագիր, որի արդյունքում Ճապոնիայի կառավարության մշակութային «Grassroots» ծրագրի շրջանակներում ՀԲԸՄ Հայաստանին կտրամադրվի 90,767 ԱՄՆ դոլարի չափով աջակցություն: Դրամաշնորհի օգնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնը կհագեցվի պահպանման նոր սարքավորումներով, որը թույլ կտա վերականգնել ու հանրությանը հասանելի դարձնել երբևէ չցուցադրված թանգարանային նմուշներ:

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին վստահ է, որ, ծրագրի իրականացումն ավարտին հասցնելուն պես, թե՛ հայ, թե՛ օտարերկրացի այցելուների թիվը թանգարան զգալիորեն կմեծանա։ «Եկեղեցու դերը հայոց պատմության մեջ անգնահատելի է, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում պահվող մշակութային ժառանգությունն՝ անգին։ Լիահույս եմ, որ այս ծրագրի միջոցով մեր երկրների միջև բարեկամությունը էլ ավելի կամրապնդվի»,- նշում է դեսպան Մասանորին։

ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանն ընդգծեց, թե որքան կարևոր է Միության համար այս ծրագրում ներգրավված լինելը՝ հաշվի առնելով, որ ՀԲԸՄ-ն շուրջ 117 տարի է աշխատում է հայկական ինքնության, արժեքների ու ժառանգության պահպանման ուղղությամբ։ «Շատ կարևոր է, որ մարդիկ ճանաչեն իրենց ինքնությունը, պատմությունը և ժառանգությունը։ Բայց առավել կարևոր է, երբ այս ամենը ճանաչվում և գնահատվում է բարեկամ երկրների կողմից, որոնք պատրաստակամ են իրենց աջակցությունը ցուցաբերել այս ամենը հանրությանը ճիշտ ներկայացնելու գործում։ Սա խոսում է վեհության ու քաղաքակրթության բարձր աստիճանի դրսևորման մասին»։

Իր հերթին, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հավելեց, որ, չնայած հազարավոր կիլոմետրերի հեռավորությանը՝ այս երկու երկրներին միավորում է ազգային ինքնության հանդեպ վերաբերմունքն ու մշակույթի նկատմամբ սերը, որն էլ երկու ժողովուրդների բարեկամության հենասյուներից մեկն է հանդիսանում։

 

  • Կիսվել: