հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայկական կողմն ունի մեկ միասնական փաթեթ. Մնացականյանը` Մամեդյարովի հետ կայանալիք հանդիպման մասին

Հայկական կողմն ունի մեկ միասնական փաթեթ. Մնացականյանը` Մամեդյարովի հետ կայանալիք հանդիպման մասին

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպմանը հայկական կողմն աշխատելու է իր գերակայությունների ուղղությամբ. այս մասին այսօր ԱԳՆ-ում ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության ԱԳ նախարարի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մնացականյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ հարցեր պետք  է քննարկվեն սպասվող հանդիպմանը:

«Մենք ունենք մեկ միասնական փաթեթ, որի մեջ շատ կան կարևոր հարցեր` բուն կարգավորմանն առնչվող, և կան շատ կարևոր հարցեր, որոնք վերաբերվում են միջավայրին, որի մեջ տեղի է ունենում խաղաղ կարգավորման գործընթացը: Բոլորը շատ կարևոր նշանակություն ունեն իրենց ամբողջության, իրենց համապարփակության մեջ: Բուն կարգավորման հարցում մեր գերակայություններն առնչվում են Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը և կարգավիճակին: Եվ, բնականաբար, մենք շարունակելու ենք փորձարկել, մշակել այն մոտեցումները, համադրումները, որտեղ մեզ անհրաժեշտ է լինելու տեսնել, որ մեր գերակա կարևորագույն հարցերը ստանում են իրենց համապատասխան արտահայտությունը»,-ասել է նախարարը:

Նախարարը նշեց, որ հավասարաչափ կարևորություն է տալիս բոլոր այն միջոցառումներին, որոնք ուղղված են էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը:

«Մենք հավատարիմ ենք խաղաղ կարգավորմանը: Մենք այս մեկ ու կես տարվա ընթացքում ի ցույց դրեցինք մեր կարողություններն ու լրջությունը` խաղաղ գործընթացի մեջ ներգրավվելու և արդյունավետ աշխատելու: Կայանալիք հանդիպման ուղղությամբ մենք աշխատել ենք: Մենք գնում ենք մեր աշխատանքը կատարելու և մենք ունենք մեր գերակայությունները, և աշխատելու ենք դրանց շուրջ»,- նշեց Մնացականյանը:

  • Կիսվել: