շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայկական աշխարհի, Արցախի ապագան չի կարող որոշվել մի խմբով, որը հիմա ղեկավարում է երկիրը․ Ռուբեն Վարդանյան

Հայկական աշխարհի, Արցախի ապագան չի կարող որոշվել մի խմբով, որը հիմա ղեկավարում է երկիրը․ Ռուբեն Վարդանյան

Պայքարի ուղղությունները տարբեր են՝ ինֆորմացիոն դաշտում, ռազմական դաշտում և տարբեր այլ ուղղություններով։ Այս մասին այսօր «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման ներկայացուցիչների ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե կա արդյոք առաջիկա գործողությունների պլան։

Նա տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ ունեն ավելի քան 50 էջից բաղկացած փաստաթուղթ, որում ներառված է աշխատանքային քարտեզն ու 77 կետ, որոնց ուղղությամբ աշխատում են։

«Մի մասի ուղղությամբ աշխատել ենք, մի մասի ուղղությամբ աշխատում ենք։

Դրա համար մենք ձևավորել ենք շատ մեծ ծավալով աշխատանքային քարտեզ, որն իրականացման փուլի մեջ է», - ասաց Վարդանյանը։

Մեկնաբանելով ավելի վաղ ՀՀ և ԱՀ քաղաքական ուժերի տարածած համատեղ հայտարարությունը՝ Ռուբեն Վարդանյանը նշեց, որ ողջունում է նրանց արտահայտած դիրքորոշումը։

«Հայկական աշխարհի, Արցախի ապագան չի կարող որոշվել մի խմբով, որը հիմա ղեկավարում է երկիրը, որովհետև սա միայն կուսակցական կամ կառավարական խնդիր չէ, այլև ժողովրդի առջև ծառացած սկզբունքային խնդիր», - նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ հայտարարությունները լավ են, բայց ավելի ճիշտ կլինի, եթե լինեն քայլեր, որոնք կլինեն պարզ և հասկանալի։

Վարդանյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ իրենք Արցախում չեն ենթարկվի եւ չեն համաձայնի այն քայլերին, որոնք կատարում է Ադրբեջանը եւ առաջարկում է Հայաստանի կառավարությունը, քանի որ դա անընդունելի է Արցախի ժողովրդի եւ ողջ աշխարհի հայության համար․ «Կարեւոր է, որ աշխարհը զգա, որ Հայաստանում չկա անտարբերության մթնոլորտ, որը փորձում են ստեղծել, որ, իբր, Արցախի հարցը փակված է, եւ Արցախի հարցը ոչ մեկին չի հետաքրքրում»

  • Կիսվել: