երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանը պետք է շատ զգույշ լինի, տարածաշրջանում հիբրիդային պատերազմ է. իրանագետ Ահարոն Վարդանյան

Հայաստանը պետք է շատ զգույշ լինի, տարածաշրջանում հիբրիդային պատերազմ է. իրանագետ Ահարոն Վարդանյան

Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունների հետևանքով մենք տարածաշրջանում այժմ դասական հիբրիդային պատերազմի ականատեսն ենք դարձել, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց իրանագետ Ահարոն Վարդանյանը՝ մեկնաբանելով Իրաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայի ուղղությամբ բալիստիկ հրթիռների արձակման փաստը:

«Սա դասական հիբրիդային պատերազմ է՝ երբ երկու երկիր միմյանց դեմ պատերազմում են երրորդ երկրի տարածքում: Չի բացառվում, որ այս պատերազմի աշխարհագրությունը ընդլայնվի», նշեց Վարդանյանը:

Նա տեղեկացրեց, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ եթե Իրանի վրա ամերիկյան հարձակում տեղի ունենա, ապա իրենք հարվածելու են Դուբային, Թել Ավիվին:

«Հայաստանը լինելով տարածաշրջանային երկիր, որոշակի վտանգի առաջ կարող է կանգնել: Հայկական կողմը պետք է չափազանց զգույշ լինի ու դրանով հանդերձ վարի նախաձեռնողական քաղաքականություն, խորհրդակցություններ ունենա տարածաշրջանային երկրների հետ տարբեր մակարդակներով ու տարբեր ձևաչափերով», ընդգծեց Վարդանյանը:

Այսօր վաղ առավոտյան Իրանի տարածքից մեծ թվով բալիստիկ հրթիռներ են արձակվել Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ և առայժմ հայտնի չէ՝ արդյոք ամերիկյան զորքերի շրջանում զոհեր կան, թե ոչ: Իրավիճակը Մերձավոր Արևելքում վատթարացել էր այն բանից հետո, երբ հունվարի 3-ին իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվեց Բաղդադի օդանավակայանի տարածքում ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ԱՄՆ օդուժի հրթիռային հարվածի հետևանքով: Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել էր վրեժխնդիր լինել գեներալի մահվան համար։

  • Կիսվել: