Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունի. Միրզոյան
ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունենք: Այս մասին Արգենտինյան "Todo Noticias” հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Հարցին՝ նախատեսու՞մ է արդյոք Հայաստանն ավելի մոտ լինել ՆԱՏՕ-ին, նա, մասնավորապես, պատասխանել է. ՛՛Մենք արդեն համագործակցություն ունենք ՆԱՏՕ-ի հետ, մասնակցում ենք Աֆղանստանում խաղաղության պահպանման գործողություններին, մեծացնում ենք ներկայությունը Կոսովոյում, դա համագործակցության ձեւ է: Եթե Դուք նկատի ունեք մեզ ՆԱՏՕ ընդունելու մտադրությունը, ապա ոչ։ Սա այն հարցը չէ, որն այսօր դրված է Հայաստանի օրակարգում՛՛։
Նախարարն անդրադարձել է նաև Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին:
՛՛ԵՄ-ի պարագայում ես կարող եմ ասել, որ հայերն իսկապես եվրոպական նկրտումներ ունեն, և ես կցանկանայի մեջբերել այն, ինչ վարչապետն ասաց վերջերս Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ. ՛՛Հայաստանը պատրաստ է մերձենալ ԵՄ-ի հետ այնքանով, որքանով ԵՄ-ն դա հնարավոր կհամարի և պատրաստ է մերձենալ Հայաստանի հետ՛՛,-նշել է Արարատ Միրզոյանը: