Երևանը չի բացառում Ադրբեջանի հետ հնարավոր հաղորդակցությունների անվտանգության ապահովումը մասնավոր գործակալություններին պատվիրակելու տարբերակը
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը չի բացառել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգության ապահովումը կարող է պատվիրակվել անվտանգության մասնավոր գործակալությունների։
Մնացական Սաֆարյանն այդ մասին ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով թեմայի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օրերս հնչեցրած հայտարարությանը։
Մնացական Սաֆարյանն ընդգծել է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հաղորդակցությունների անվտանգության ապահովումը անվտանգության մասնավոր գործակալություններին պատվիրակելը հնարավոր է։ «Այո, վարչապետն ասել է, որ դա հնարավոր է։ Եթե հավելյալ տեղեկատվություն լինի, կտեղեկացնենք։ Այս պահին լրացուցիչ տեղեկություն չկա», - նշել է ԱԳ փոխնախարարը՝ հավելելով, որ նման դեպքում մասնավոր անվտանգության ընկերությունը պետք է պաշտպանի նաև հաղորդակցությունների այն հատվածը, որն անցնելու է Ադրբեջանի տարածքով։
Անդրադառնալով հարցին, թե հաղորդակցությունների պաշտպանության իրավունքը մասնավոր պահնորդական ընկերությանը տալը չի՞ խախտում արդյոք երկրի ինքնիշխանության սկզբունքը՝ փոխնախարարը պատասխանել է․ «Ոչ, իհարկե չի խախտում»։
Մնացական Սաֆարյանը նաև հավելել է, որ սահմանին ներկա կլինեն հայ սահմանապահներն ու մաքսավորները։
Փոխնախարարը շեշտել է, որ մինչև այժմ խոսվել է ընդամենը դրա հնարավորության մասին, և այդ առումով դեռևս որևէ հստակություն չկա։