Հայաստանը չի քննարկում Ներքին Հանդից ռուս սահմանապահներին հեռացնելու հարցը. Գրիգորյան
Հայաստանը չի քննարկում Ներքին Հանդից ռուս սահմանապահներին հեռացնելու հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Այսօր այդպիսի հարց չի քննարկվում»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի։
«Սա նշանակում է, որ ռուս սահմանապահները այնտեղ որևէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել։ Ենթադրվում է, որ սրանից պետք է արվի համապատասխան ենթադրություն»,-ասել էր Փաշինյանը։
Իր հերթին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի կարողացել կանխել Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպը։
«ԵՄ-ն այնտեղ հասանելիություն չունի, միայն Ռուսաստանն է ու չի կարողացել կանխել»,-նշել էր նա: