երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հայաստանը արժանապատիվ է կրում պարտությունը, պետք է արժանապատիվ լինել նաև հաղթանակի դեպքում. Լաքոտ

Հայաստանը արժանապատիվ է կրում պարտությունը, պետք է արժանապատիվ լինել նաև հաղթանակի դեպքում. Լաքոտ

Հայաստանը արժանապատիվ է կրում պարտությունը, պետք է արժանապատիվ լինել նաև հաղթանակի դեպքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ բացված այսպես կոչված «44-օրյա պատերազմի» այգուն։

Ֆրանսիացի դիվանագետը, անդրադառնալով Բաքվում արցախյան վերջին պատերազմին նվիրված "ռազմավարի" զբոսայգու բացմանը, նշեց, որ լիովին հասկանում եւ կիսում է հայ հասարակության շրջանում առկա հույզերը՝ կապված այսպես կոչված ՛՛զբոսայգու՛՛ բացման հետ:

՛՛Ես վերջերս այցելել եմ Եռաբլուր զինվորական պանթեոն։ Մենք տեսնում ենք, թե որքան զոհեր ու կորուստներ կան, մենք տեսնում ենք ընտանիքների տառապանքը, այդտեղ էլ հենց արժանապատվությունն է: Պատերազմը թատերական ներկայացման վայր չէ՛՛,-ընդգծեց Լաքոտը:

Նա միաժամանակ համոզմունք հայտնեց, որ այժմ առաջնահերթը հակամարտության լուծում գտնելն է, գերիների վերադարձը՝ միջազգային մարդասիրական իրավունքին եւ նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան, տեղահանվածների վերադարձը, մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաեւ կառուցողական երկխոսության վերսկսումը՝ երկարատեւ խաղաղություն գտնելու համար:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ հռետորաբանությունը նպաստու՞մ է հարաբերությունների կարգավորմանը, դեսպանը նշեց. ՛՛Հայաստանը արժանապատիվ է կրում պարտությունը, պետք է արժանապատիվ լինել նաև հաղթանակի դեպքում՛՛:

  • Կիսվել: