երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի գարնանային շրջափուլը մեկնարկել է Մեղրաձորից

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի գարնանային շրջափուլը մեկնարկել է Մեղրաձորից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնն իրականացնում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը:

2025 թվականին իրականացվելու է 42 հանդիպում 42 մշակութային գործիչների հետ, որոնց ընտրությունը կատարել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը: Հանդիպումներն անցկացվելու են մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում՝ ներգրավելով ավելի քան 3600 աշակերտի:

Ծրագրի գարնանային շրջափուլը մեկնարկել է ապրիլի 22-ին Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղից: Մեղրաձորի և հարևան համայնքների ավելի քան 100 աշակերտ հանդիպել է հեղինակ-կատարող, բանաստեղծ Էդուարդ Զորիկյանի հետ:

Կոտայքի, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի մարզերում իրականացվել են ևս 12 ինտերակտիվ հանդիպումներ, որոնց ընթացքում երեխաները հնարավորություն ունեն ստանալու տեսական գիտելիքներ, ինչպես նաև դիտելու տվյալ արվեստագետի ներկայացումը, համերգային կատարումը:

Երեխաները մասնակցում են արվեստագետի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, արվեստի նմուշների ցուցադրմանը, որը հետագայում կարող է օգնել դպրոցականներին մասնագիտական կողմնորոշման հարցում: Հարցուպատասխանի ընթացքում արվեստագետները պատասխանում երեխաներին հետաքրքրող հարցերին` ամրապնդելով աշակերտների անմիջական շփումներն արվեստագետների հետ:

Միջոցառումը համահունչ է ՀՀ Կառավարության ծրագրի մշակութային կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններին և ընդգրկված է 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում:

  • Կիսվել: