շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանում ստորագրահավաք է սկսվել Ղարաբաղից հրաժարվելու քրեականացման հանրաքվեի համար

Հայաստանում ստորագրահավաք է սկսվել Ղարաբաղից հրաժարվելու քրեականացման հանրաքվեի համար

«Ազատ Արցախ-Հայերի ձայն» նախաձեռնող խումբը ստորագրահավաք է սկսել օրենսդրությունը փոխելու համար, որը խստագույն պատիժ է նախատեսում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

Նա պարզաբանեց, որ սա փուլային գործընթաց է, որից առաջինի ժամանակ նախատեսվում է 50 հազար ստորագրություն հավաքել, ինչը թույլ կտա օրինագիծը խորհրդարան ներկայացնել։ «Եթե խորհրդարանը չընդունի այս օրինագիծը, ապա մենք կգնանք հանրաքվեի անցկացումը պարտադրելու ճանապարհով»,- ասաց նա։

Չալաբյանը հիշեցրեց, որ Հայաստանի իշխանությունները 2021 թվականին վերընտրվել են ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման եւ դրա ապաօկուպացիայի  կարգախոսներով։

«Սակայն հետագայում, ստեղծելով անելանելիության մթնոլորտ, նրանք հրաժարվեցին իրենց խոստումներից՝ խախտելով Սահմանադրությունը։ Ուստի պետք է հանրաքվեի միջոցով ստանան ժողովրդի քվեն՝ շարունակելու այն քայլերը, որոնք նրանք ձեռնարկում են։ Եթե ​​ժողովուրդը չընդունի իշխանությունների մոտեցումները, ապա վերջիններս պետք է հեռանան, քանի որ փորում են Հայաստանի երրորդ հանրապետության գերեզմանը, փորձելում են ոչնչացնել Երրորդ Հանրապետությունը։ Եթե ​​թույլ տանք ներկայիս իշխանություններին շարունակել իրենց գիծը, ապա Հայաստանը մի քանի տարի հետո կվերանա եւ կդառնա Թուրքիայի վասալային տարածք»,- հավելեց քաղաքական գործիչը։

Չալաբյանը նկատեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը թանկ է վճարել իր անկախության համար եւ մտադիր չէ հրաժարվել դրանից։ «Հայաստանի հիմնարար փաստաթղթում՝ Անկախության հռչակագրում, նշված է նպատակներից մեկը՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը։ Հայաստանի Սահմանադրությունում, որը հիմնված է այս Հռչակագրի վրա, որպես նպատակ է նշված նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Փաշինյանը, խախտելով օրենքը, միանձնյա ստանձնել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս հռչակելու  լիազորությունը, հրաժարվել է Լեռնային Ղարաբաղից եւ Հայաստանի տարածքներից, հրաժարվել է Արարատից՝ որպես Հայաստանի խորհրդանիշ՝ վկայակոչելով Թուրքիայի ճնշումը»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով, Փաշինյանը հայությանը զրկում է իր ինքնությունից, պատմական հիշողությունից, փորձում է  ժողովրդից վախկոտ զանգված սարքել, որն իրավունք չի ունենա այդպես կոչվելու։

  • Կիսվել: