չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանում Բելառուսի դեսպանն այսօր այցելել է ՀՀ ԱԳՆ

Հայաստանում Բելառուսի դեսպանն այսօր այցելել է ՀՀ ԱԳՆ

Հայաստանում Բելառուսի դեսպանն այսօր եղել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում: Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: Այլ մեկնաբանություններ, սակայն, նա չտվեց, ուստի և պարզ չդարձավ, թե արդյոք Ալեքսանդր Կոնյուկը կանչվե՞լ է նախարարություն, Բելառուսի նախագահի հայտարարություններով պայմանավորված՝ հղվե՞լ է բողոքի նոտա, թե՞ ոչ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր. ՛՛Հայաստանը գնալու տեղ չունի, կարծում եք` նրանք ինչ-որ մեկին պե՞տք են՛՛: Նա նշել է, որ Հայաստանը մաս կկազմի Միութենական պետության, որը, ըստ իրեն, առաջիկա տարիներին կդառնա իրականություն։

Վահան Հունանյանն ավելի վաղ արձագանքել էր Լուկաշեկոյի հայտարարությանը՝ ասելով. ՛՛Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ՛՛:

 

 

  • Կիսվել: