ուրբաթ, սեպտեմբեր 18
18 / 9 / 2026
Հայաստանն արևմուտքի և արևելքի, հյուսիսի և հարավի հանդիպման կիզակետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի նոր դեսպանի բացառիկ հարցարզույցը

Հայաստանն արևմուտքի և արևելքի, հյուսիսի և հարավի հանդիպման կիզակետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի նոր դեսպանի բացառիկ հարցարզույցը

Ֆլորիան Էսկյուդիեն որպես դեսպան իր առաքելությունը մեկնարկում է հենց Հայաստանից․ շաբաթներ առաջ Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն առաջին անգամ ոտք դրեց մեր երկիր՝ ունենալով մեկ հստակ նպատակ՝ երբ առաքելությունն ավարտելուց հետո վերադառնա հայրենիք, հայաստանցիներն իր մասին պետք է հիշեն որպես երկու երկրների միջև առավել հագեցած ու կայուն հարաբերություններ ձևավորած դիվանագետի։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նորանշանակ դեսպանը խոստովանեց՝ Հայաստանն իրեն գրավել է ոչ միայն որպես դիվանագետի, այլ նաև մարդու, որը դեռ մանկուց հետաքրքրված է հայկական մշակույթով, խոհանոցով ու լեռներով։ Նպատակներից մեկն էլ Արագածի 4090 մետր բարձրությունը հաղթահարելն է։

- Պարոն դեսպան, Դուք, փաստորեն, որպես դեսպան Ձեր դիվանագիտական ուղին սկսում եք Հայաստանից։ Ինչպիսի՞ն եք պատկերացնում այդ կարգավիճակում Ձեր առաջին դիվանագիտական փորձը։

- Իրականում, ես բավականին հին, երկարատև և ամուր դիվանագիտական փորձ ունեմ․ ավելի քան 20 տարի է՝ դիվանագետ եմ և տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել թե՛ Ֆրանսիայում, թե՛ այլ երկրներում։ Բայց իրավացի եք` առաջին անգամ է, որ դեսպանության ղեկավար եմ, որպես դեսպան եմ հանդես գալիս։ Սա բավականին պահանջկոտ և ոգևորիչ պաշտոն է։ Սա նաև մեծ պատասխանատվություն է։

 - Մինչ դեսպան նշանակվելն աշխատել եք Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում։ Ի՞նչ եք կարծում`այդ ոլորտում ունեցած մասնագիտական հմտությունները կարո՞ղ են օգտակար լինել Հայաստանում իրականացվելիք դիվանագիտական աշխատանքում։

- Իրականում, ես ոչ թե Զինված ուժերում եմ աշխատել, այլ՝ Արտաքին գործերի նախարարության կողմից պատվիրակվել եմ որոշ ժամանակով աշխատելու Պաշտպանության նախարարությունում։ Այդ աշխատանքն ինձ շատ բան է սովորեցրել․ այն ինձ հնարավորություն է տվել ավելի լավ հասկանալու անվտանգության և պաշտպանության հետ կապված հարցերը, որոնք բազմաթիվ են Հարավային Կովկասում։ Դրանց թվում են հակամարտություններ, բնական ռեսուրսների հասանելիություն, հաճախ բազմաբնույթ հարաբերություններ հարևան մեծ երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը։ Հուսով եմ, որ այս փորձն ինձ հնարավորություն կտա օգնել իշխանություններին՝ ավելի լավ ընկալել ու մեկնաբանել տարածաշրջանի ռազմավարական իրավիճակը։  

Հավելեմ, որ աշխատել եմ այնպիսի թեմաների շուրջ, որոնք, մասնավորապես, կարևոր են Հայաստանի համար։ Օրինակ՝ կիբեռանվտանգությունը։ Աշխատել եմ ռազմական ոլորտի ներկայացուցիչների հետ, պաշտպանության արդյունաբերության ներկայացուցիչների, և կարծում եմ՝ դա առանձնահատուկ նշանակություն կունենա հայ-ֆրանսիական հարաբերությունները նաև այդ ոլորտում ամրապնդելու համար։  

- Զրույցը շարունակենք ամենատարածված ու սպասելի հարցով՝ ինչպե՞ս եք գնահատում հայ-ֆրանսիական հարաբերություններն այս պահին։

- Կարծում եմ, որ այս հարցին տրվող պատասխանին բոլորն են համակարծիք․ այսօր այդ հարաբերությունները բացառիկ են թե՛ իրենց ընդգրկմամբ, թե՛ իրենց խորությամբ։ Բնականաբար, մենք զրոյական կետից չենք մեկնարկում, հարաբերությունների բավականին հարուստ և հին պատմություն ունենք։ Նույնիսկ չգնալով շատ հետ ու չանդրադառնալով Կիլիկյան Հայաստանի թագավորությանը, գիտենք, որ 19-20-րդ դարերում ֆրանսիացի մտավորականները, պետական գործիչներն Օսմանյան կայսրության բռնաճնշումների ժամանակ իրենց ձայնն են բարձրացրել հօգուտ Հայաստանի և հայերի, բարձրաձայնել են իրենց մտահոգությունը։ Ցեղասպանության ժամանակ մեր պարտքն ենք կատարել, մասնավորապես կարող ենք հիշել Մուսա լեռան հերոսներին՝,  ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեին և իր նավատորմին, որ փրկեցին ավելի քան  4000 հայի։ 1910-20-ական թվականներին մոտ տասնյակ հազար հայերի հյուրընկալեցինք Ֆրասիայում։

Եթե ավելի մեր ժամանակներ գանք, մենք աներկբա աջակիցն ենք եղել Հայաստանին իր տարածքային ամբողջականությունը պահպանելու հարցում և օգնելու նրան՝ ճանապարհ գտնելու դեպի խաղաղություն։

Բարեբախտաբար, մեր հարաբերությունները չեն սահմանափակվում միայն այդ դժվարին և ճգնաժամային ժամանակներով։ Այսօր մենք հնարավորություն ունենք կառուցելու գործընկերություն, որն ուղղված է դեպի ապագան։ Եվ ասեմ, որ այս առումով բավականին լուրջ առաջընթաց ենք արձանագրել վերջին տարիներին։ 

Նախագահ Մակրոնի՝ Հայաստան պետական այցը մայիսին հնարավորություն տվեց ուրվագծել այն ռազմավարական գործընկերության շրջանակը, որը հնարավորություն է տալու զարկ տալ բոլոր այն նախաձեռնություններին, որ ունեն հայ-ֆրանսիական հարաբերության դերակատարները։

Իսկապես, Դուք Հայաստան եք գալիս այնպիսի փուլում, երբ հայ-ֆրանսիական հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա են։ Ձեր հիմնական առաջնահերթությունը ո՞րն եք համարում մեր երկրում պաշտոնավարման առաջիկա տարիներին։

- Իրականում, չեմ կարծում, որ մեր հարաբերությունների գագաթնակետին ենք հասել։ Միշտ կարելի է գնալ էլ ավելի հեռուն։ Ինչպես ասում են՝ Sky is the limit (Հեղ․– երկինքն է սահմանը): Երբ Ֆրանսիայի նախագահը մասնակցեց «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին, ասաց՝ հայկական շունչ է այս պահին։

Հայաստանը դեպի խաղաղություն ճանապարհի վրա է, տնտեսական և սոցիալական խորը փոխակերպումների գործընթացի մեջ է, և մեր նպատակն է՝ աջակցել Հայաստանին այդ ճանապարհին։ Արտակարգ տնտեսական աճ է գրանցվում, տարածաշրջանին և աշխարհին միանալու, համահունչ դառնալու ցանկություն կա։

Այսպիսով, կարծում եմ, որ իմ առաքելությունը, առաջնահերթությունն է՝ այնպես անել, որ Ֆրանսիան ներկա գտնվի պատմության այս նոր հատվածում, և բոլոր այն սերմերը, որ ցանում ենք, դառնան իսկապես ամուր, կենսունակ և երկարակյաց ծառեր։

Պարոն դեսպան, կա՞ արդյոք տնտեսության, բիզնեսի ոլորտ, որոնցում Ֆրանսիան կարող է ամենախոշոր ներդրումներն անել Հայաստանում, և հակառակը՝ Հայաստանը՝ Ֆրանսիայում։

- Նկատենք, որ արդեն կան բազմաթիվ ձեռնարկություններ, որոնք ներկա են Հայաստանում, հայերի ամենօրյա կյանքում։ Մասնավորապես՝ «Քարֆուր»-ը, «AXA»-ն, «Վեոլիա»-ն․․․ Սրանք անուններ են, որոնց հայերը առնչվում են իրենց առօրյայում։ Շուտով կստանաք նոր կենսաչափական անձնագրեր, որոնք մշակվել են ֆրանսիական՝ In Groupe կոչվող  ընկերության կողմից։ Սակայն, բնականաբար, դեռ առաջընթացի տեղ կա։

Կարծում եմ, դեռևս անհամաչափություն կա քաղաքական դինամիկայի, մի կողմից պատմականորեն ձևավորված մեր մշակութային հարաբերությունների և մյուս կողմից տնտեսական հարաբերությունների միջև։ Վերջինս բավական արագ է զարգանում ու առաջ գնում, բայց դեռ ճանապարհ կա անցնելու։

Ի դեպ, մեծ ջանքեր ենք գործադրել պաշտպանության ոլորտում, հայկական զինված ուժերին բավականին լուրջ ռազմական գույք և տեխնիկա է փոխանցվել։

Սակայն  կան նաև այլ ոլորտներ․ երեկ (հեղ․– հարցազրույցն իրականացվել է սեպտեմբերի 11-ին) Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահի հետ զրույցի ընթացքում հիշատակել է Բարգուշատի թունելը, որի կառուցման մեջ կներառվեն ֆրանսիական ընկերություններ, ինչպես նաև՝ Զարգացման ֆրանսիական գործակալությունը։

Ենթակառուցվածքները կարևոր ոլորտ են՝ կապակցվածության օրակարգի առանցքում, ինչպես նաև վարչապետ Փաշինյանի համար կարևոր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հիմքում։ Ենթակառուցվածքների ոլորտից բացի մենք հետաքրքրված ենք նաև նոր տեխնոլոգիաների և թվային ոլորտով․ Հայաստանում կա բավականին մեծ մտավոր կապիտալ, լուրջ փորձագիտություն, և մենք ցանկանում ենք աշխատել այդ ոլորտի ձեռնարկությունների, գիտնականների հետ։

Ինչ վերաբերում է Ձեր այն հարցին, թե հայերը տնտեսության բնագավառում ինչ ներդրումներ կարող են անել Ֆրանսիայում, ասեմ․ ճիշտ է՝ այսօր հայկական ներդրումները բավականին սահմանափակ են, բայց Ֆրանսիան, բնականաբար, հետաքրքրված է ստանալ այն ամենն, ինչ չունի։ Պատրաստ ենք ուսումնասիրել ծրագրեր, նախագծեր։

Բացի այդ, ինչպես տեղյակ եք, Եվրամիությունը ժամանակավորապես բացել է իր շուկան հայկական արտադրանքի ներմուծման համար՝ ի պատասխան դեպի Ռուսաստան ներմուծումների սահմանափակումների։ Սա հնարավորություն կտա հայ արտադրողներին բացահայտել եվրոպական շուկան , ու գուցե դա էլ նոր հնարավորություններ բացի ապագայի համար։ 

Վերադառնանք մեր երկրների ռազմավարական գործընկերությանըգուցե Դուք Հայաստան նաև նոր ծրագրեր եք բերել, հնարավոր է՝ գիտե՞ք՝ ինչ նոր փուլ է սպասվում Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերությանը։

- Մեր երկու երկրների ղեկավարները մշտապես քննարկում են այդ հարցերը, ինչպես այս շաբաթ Փարիզում։ Մեր հիմնական նպատակն է նախ և առաջ ամրապնդել այն, ինչ ունենք, նախքան նոր ծրագրերի մասին հայտարարություններ անելը։ Նոր խոսեցինք տնտեսական առաջընթացի մասին։ Մենք ցանկանում ենք հայ-ֆրանսիական հարաբերությունների բոլոր դերակատարներին ներառել այս առաջընթացի մեջ։

Ես նոր եմ եկել ու ինձ համար դեռ վաղ է նոր առաջարկություններ ներկայացնել իմ Կառավարությանը, բայց, բնականաբար, մտադիր եմ դա անել։

- Ցանկացած բնագավառում, որքան էլ հարաբերություններն ամուր լինեն, միևնույն է, որոշակի տարաձայնություններ լինում են։ Կա՞ մի հարց, որի շուրջ Հայաստանն ու Ֆրանսիան ընդգծված անհամաձայնություն ունեն։

- Անկեղծորեն, չեմ տեսնում նման թեմա։ Գուցե ընդամենը մեկը․ մեծն Շառլ Ազնավուրն ասել է, որ ինքը 100 տոկոսով ֆրանսիացի է և միաժամանակ՝ 100 տոկոսով հայ։ Մինչև այժմ մարդիկ կան, որոնք պնդում են, որ ավելի շատ ֆրանսիացի է, կամ՝ ավելի շատ հայ։ Թերևս, սա է հայ-ֆրանսական միակ անհամաձայնությունը (հեղ․– ժպտում է.)։ 

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկում։ Ի՞նչ դեր կարող է Ֆրանսիան ստանձնել երկու երկրների միջև խաղաղության գործընթացին աջակցելու հարցում։ Դիվանագետի աչքերով՝ առաջիկայում վերջնակետը նկատվո՞ւմ է։

- Ֆրանսիան մեծապես ներգրավված է եղել նախորդող փուլում, որը հանգեցրեց այս խաղաղության համաձայնագրի մշակմանը։ Դեռ 2022 թվականի հոկտեմբերից Էմանուել Մակրոնը ներկայացրել էր խաղաղության համար որոշ նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ԵՄ-ի դիտորդական առաքելության տեղակայումը։ Այնուհետև, մենք աջակցեցինք 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնությանը։ Բնականաբար, պետք է  համաձայնագիրը դեռ ստորագրվի և ի վերջո վավերացվի։ Սակայն խաղաղության դրական արդյունքներն արդեն իսկ երևում են։ Եթե Դուք հարցնեք Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի բնակիչներին՝ իրենց առօրյա կյանքի մասին, երբ այլևս չկան կրակոցներ, որ արտադրանքը կարողանում է մուտք ու ելք անել սահմանով, կարծում եմ, որ նրանք կասեն՝ կյանքը հիմա ավելի լավ և հեշտ է, քան նախկինում։

Ֆրանսիական դիվանագիտությունը կարող է դեր խաղալ, եթե դիմեն մեզ։ Սակայն կարծում եմ, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները բավականին լավ են ընթանում։ Ամեն դեպքում, մենք ձեր տրամադրության տակ ենք, եթե մեր կարիքը զգաք։ 

Հայաստանն ակտիվորեն փորձում է ինտեգրվել Եվրոպական միությանը, բայց, կարծեք թե, դեռևս որոշ խոչընդոտներ ունի հաղթահարելու։ Այդ ճանապարհին, ըստ Ձեզ, ո՞րն է գլխավոր խոչընդոտը և ինչպե՞ս է գնահատում Ֆրանսիան՝ ԵՄ-ին Հայաստանի ինտեգրվելու հեռանկարը։

- Առաջին հերթին, կարծում եմ՝ դրական փաստ է, որ վստահելի հարաբերություններ են հաստատվել Հայաստանի և Եվրամիության միջև և ցանկանում են բարելավել այդ հարաբերությունների մակարդակը։ Դա դրսևորվեց նախ և առաջ մայիսին Եվրամիություն-Հայաստան առաջին գագաթնաժողովի կազմակերպմամբ, Եվրամիության հանձնաժողովի նախագահի և այլ անդամների Հայաստան այցով։ Ճգնաժամային պահերին Եվրամիությունն աջակցություն է ցուցաբերում Հայաստանին․ օրինակ, առևտրի ոլորտում, ինչի մասին քիչ առաջ խոսեցի, կամ՝ առաքելություններ ծավալելով, որոնք օգնում են Հայաստանին պաշտպանել իր ինքնիշխանությունը հիբրիդային հարձակումների ժամանակ։ Մյուս հարցերը ձևաչափին են վերաբերում, թե ինչ ձև ենք ուզում տալ այս հարաբերություններին ապագայում։

Արդեն իսկ որոշվել է ասել, որ Հայաստանի և Եվրամիության միջև ռազմավարական գործընկերություն կա։ Գիտեմ, որ Հայաստանում ընդունվել է օրենք Եվրամիությանն անդամակցելու գործընթացը մեկնարկելու մասին, բայց այս փուլում պաշտոնական դիմում Հայաստանի կողմից դեռևս չի ներկայացվել Եվրամիությանն անդամակցության համար։

Կարծում եմ՝ շատ կարևոր է նախ և առաջ քննարկել մեր ընդհանուր նպատակները, դրանց շուրջ համաձայնության գալ՝ նախքան անդամակցության պաշտոնական գործընթաց մեկնարկելը, որն, իսկապես, բավականին երկար ու բարդ գործընթաց է։ 

Ի դեպ, բավական երկար ու բարդ գործընթաց է նաև վիզաների ազատականացումը։ Մեր ժողովուրդը սիրում է շրջագայել, ու Եվրոպան երբեմն անհասանելի է դառնում հենց մուտքի արտոնագրի բացակայության պատճառով։ Նաև, կցանկանայի այս հարցի շրջանակում խոսենք ևս մեկ բարդ գործընթացի՝ դեսպանատներում թղթաբանական քաշքշուկների, երկարատև հերթերի մասին։ Հնարավոր է, որ գոնե Ֆրանսիայի դեսպանատունն այդ գործընթացն առավել մատչելի դարձնի։

- Հարցի առաջին հատվածի հետ կապված՝ նկատեմ, որ դա  բավականին նոր գործընթաց է։ Հայաստանը Եվրամիությանը պաշտոնական դիմում ներկայացրել է 2024 թվականին։ 2025 թվականին միասին սահմանել ենք ճանապարհային քարտեզ՝ հստակ չափանիշներով։ 2026 թվականին Եվրամիություն-Հայաստան գագաթնաժողովի ժամանակ արձանագրվեց, որ լուրջ առաջընթաց է իրականացվել։

Ինչպես ասացիք՝ հայերը սիրում են շրջագայել, ցանկանում են Եվրամիության երկրների հետ տուրիզմով կամ առևտրով զբաղվել, և ես հասկանում եմ նրանց անհամբերությունը։ Սակայն, եթե ցանկանում ենք, որ այդ ազատականացումը կայուն ու տևական լինի, պետք է մեթոդաբար առաջ գնանք և հարգենք բոլոր չափանիշները։ Օրինակ, այդ չափանիշներից մեկն այն է, որ պետք է ապահովվի անվտանգությունը՝ վիզայի համար դիմողների ինքնությունն ստուգելու հարցում, և ֆրանսիական մի ձեռնարկություն, որ նշեցի քիչ առաջ, IN Group-ն աջակցում է կենսաչափական նոր անձնագրերի տրամադրման հարցում, ինչը կլինի կոնկրետ առաջընթաց վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում։

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի դեսպանության հյուպատոսության աշխատանքի մասին Ձեր հարցին, պետք է նկատեմ, որ վերջին 4-5 տարիների ընթացքում վիզայի դիմումների շատ մեծ աճ է գրանցվել, քանի որ օդային կապն ակտիվացել է, թռիչքներն ավելի շատ են, հարաբերություններն են ավելի դինամիկ դարձել։ Այս նոր իրավիճակին արձագանքելու համար մենք մեր կազմակերպչական ընդհանուր մոտեցումն ենք փոխել։ Աշխատանքի բաշխում ենք կատարել․ մի կողմից «Թի Էլ Էս» ընկերությունն է, որն ընդունում է դիմումները, մյուս կողմից՝ հյուպատոսության աշխատակիցներն են, որոնք աշխատում են այդ դիմումների վրա և պատասխաններն են պատրաստում։ Կազմակերպչական այս նոր մեթոդը դեռ թարմ է, պետք է առաջընթաց անենք, որպեսզի հանդիպման նշանակման ժամանակահատվածը կրճատվի։ Զգոն ենք նաև այն հարցում, որ դիմումը ներկայացնելուց հետո մինչև պատասխան ստանալու ժամանակահատվածը ևս հնարավորինս կարճ լինի։

Պարոն դեսպան, առաջին անգամ եք Հայաստանում։ Առաջին հայացքից՝ ի՞նչն է Ձեզ ամենից շատ գրավել, գուցե՝ զարմացրել մեր երկրում։

- Ինձ միանգամից գրավեց հայ ժողովրդի շատ զգայուն, հստակ ու ուժեղ ինքնությունը։ Սակայն, միաժամանակ, շատ բաց են ամբողջ աշխարհի հանդեպ։ Հանգստյան օրերին զբոսնում էի Երևանի փողոցներում, լսեցի բազմաթիվ լեզուներ՝ անգլերեն, ռուսերեն, պարսկերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ամենատարբեր մշակույթների ռեստորաններ տեսա։ Կարելի է ասել՝ Ձեր երկիրը արևմուտքի և արևելքի, հյուսիսի և հարավի  հանդիպման կիզակետ է։ Սա այն է, ինչ ինձ դուր է գալիս Հայաստանում։

Երևանում արդեն ունե՞ք Ձեր ամենասիրելի վայրը, տեղ, որտեղ ավելի հանգիստ եք Ձեզ զգում։

- Այո, արդեն հասցրել եմ զբոսնել այգիներում, որոնք տարվա այս եղանակին շատ հաճելի միջավայր են։ Դրանք վայրեր են, որտեղ կարելի է ընկերների հետ զրուցել, ընտանիքի հետ ժամանակ անց կացնել, կամ, կարդալ։ Այնպես որ, այգիները, կանաչ տարածքները Երևանում ամենաշատն եմ սիրում։

- Մինչ այս, որպես ուղղակի սովորական քաղաքացի՝ Ֆլորիան Էսկյուդիեն որքանո՞վ էր ծանոթ մեր երկրին, մշակույթին։ Հայերի հետ շփումներ ունեցե՞լ եք, ունե՞ք հայ ընկերներ։

 - Ինչպես շատ ֆրանսիացիներ, ես ևս շատ սփյուռքահայերի եմ ճանաչում։ Երբ փոքր էի, մեր հարևանները ցեղասպանությունից փրկված հայերի երեխաներ էին։ Շատ ժամանակ էինք միմյանց հետ անցկացնում, հայկական խոհանոցի ճաշատեսակներն էինք համտեսում։ Մեր արձակուրդները ևս համատեղ էին։ Բայց գիտեմ, որ սփյուռքի հայերը և Հայաստանի Հանրապետությունում ապրող հայերը նաև տարբերություններ ունեն։ Ես շատ հետաքրքրված եմ բացահայտելու հայ ժողովրդի նաև այս մյուս հատվածին։

Փաստորեն, ծանոթ եք հայկական խոհանոցին։ Ունե՞ք նախընտրած ուտեստներ։

 - Ավելի շատ արևմտյան հատվածի խոհանոցն եմ ճանաչում, բայց եթե ընդհանուր ասեմ՝ շատ եմ սիրում լավաշը, բաստուրման, հայկական միրգ բանջարեղենը, հատկապես՝ նուռ, ծիրան, նաև պանիրները։ Բայց, իհարկե, ցանկանում եմ բացահայտել ավելին։ Օրինակ, ինձ գինիների մասին են շատ պատմել․․․

Պարոն դեսպան, մեր զրույցի ընթացքում նկատեցի, որ շատ պարզ ու մաքուր հայերենով ասում եք շնորհակալություն։ Դա Ձեր իմացած դեռևս միա՞կ հայերեն բառն է, կարելի՞ է ենթադրել, որ փորձում եք սովորել մեր լեզուն։

- Գիտեմ, որ հայոց լեզուն հայ ժողովրդի ինքնության հիմքում է գտնվում, ուստի ինձ համար կարևոր է ինչ-որ չափով հասկանալ և կարողանալ խոսել հայերեն։ Այնպես որ, սկսել եմ հայերենի դասեր առնել, որպեսզի կարողանամ այբուբենը հասկանալ, ճանաչել, փորձել ինչ-որ չափով որսալ լեզվի ոգին։ 

Հայաստանում գործունեություն ծավալած Ձեր գործընկերներից հետաքրքրվե՞լ եք՝ ինչ գեղատեսիլ վայրեր այցելել, ինչ բացահայտումներ անել Հայաստանի մասին։ 

-Այո, իմ նախկին պաշտոնակիցների հետ շատ եմ խոսել, և ոչ միայն զբոսաշրջության մասին։ Իսկապես, յուրաքանչյուրն ուներ իր սիրած վայրերը։ Անձամբ ինձ գրավում են լեռները։ Շատ կցանկանայի տեսնել Արագածը, գուցե նույնիսկ բարձրանալ։ Նաև կցանկանամ ձմռանը գնալ Ծաղկաձոր ու դահուկ քշել։ Բնականաբար, նաև ուզում եմ տեսնել բոլոր վանքերն, ընդհանրապես, հայկական մշակութային ժառանգության բոլոր հրաշալիքները՝ Խոր վիրապը, Գառնին, Սևանը և այլ վայրեր։ 

-Ե՛վ հայերենը, և՛ ֆրանսերենը բազմաթիվ մակդիրներ ունեն։ Եթե հայ-ֆրանսիական այսօրվա հարաբերությունները մեկ բառով բնութագրելու լինեիք, ո՞ր մակդիրը կընտրեիք։ Նաև՝ ի՞նչ բնութագրում կցանկանայիք տալ մեր երկրում Ձեր դիվանագիտական առաքելությունն արդեն տարիներ անց ավարտելիս։

- Այսօրվա հարաբերությունները նկարագրելու համար կօգտագործեմ խիտ (հեղ․– արտաբերում է հայերեն) բառը, երեք տարի անց կցանկանայի ասել, որ հարաբերություններն ավելի խիտ են (հեղ․ – ժպտում է)։ 

Զրույցի վերջում ուզում եմ հարցնել՝ կա՞ մի բան, որի մասին Ձեզ չհարցրեցի, բայց կցանկանայիք խոսել։

- Միայն կուզեի հավելել, որ մեծապես հետաքրքրված եմ բացահայտելու երկիրն ու հայերին, և առաջիկա օրերից իսկ մտադիր եմ այցելել բազմաթիվ վայրեր թե՛ Երևանում, թե՛ Երևանից դուրս։ 

Շնորհակալ եմ առաջինը մեզ հյուրընկալվելու համար։

- Ես եմ շնորհակալ ջերմ և անմիջական ընդունելության համար։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1260755

  • Կիսվել: