ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայաստանի տնտեսությունը վերականգնվում է․ Գևորգ Պապոյան

Հայաստանի տնտեսությունը վերականգնվում է․ Գևորգ Պապոյան

Կորոնավիրուսը ոչ միայն մարտահրավեր է եղել մեզ համար, այլ նաև տնտեսության առանձին ճյուղերի համար հնարավորություն։ Այս մասին այսօր  ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«Առանձին ճյուղերում մենք արձանագրել ենք լավ ցուցանիշներ»,- ասաց նա։

Նա նշեց, որ Հայաստանի տնտեսությունը վերականգնվում է, և մարտ ամսից սկսած կանխատեսվում է կայուն տնտեսական աճ։

Որպես օրինակ պատգամավորը բերեց հագուստի, էլեկտրական սարքավորումների, կահույքի արտադրությունների և մի շարք այլ ոլորտներում արձանագրված աճը։ Սրան զուգահեռ, ըստ նրա, նաև առանձին ոլորտներում արտահանման աճ կա, ինչը կորոնավիրուսի ընձեռած հնարավորությունների արդյունք է։

Պապոյանի խոսքով՝ պահպանվել է մակրոտնտեսական կայունությունը, ինչը արտահայտվել է պատերազմից հետո եվրոբոնդերի թողարկմամբ։

«Հունվար-փետրվար ամիսներին հարկային մուտքերն ավելացել են պլանավորածից 8 տոկոսից ավելի։ Սա նույնպես հույս է տալիս, որ տնտեսությունն արագ տեմպերով վերականգնվում է։ Եվ մենք կանխատեսում ենք մարտ ամսից սկսած կայուն տնտեսական աճ»,- հավելեց նա։

  • Կիսվել: