հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի տարածքում կարող է «Արեւմտյան Զանգեզուրի Հանրապետություն» հայտնվել․ փաստաբան

Հայաստանի տարածքում կարող է «Արեւմտյան Զանգեզուրի Հանրապետություն» հայտնվել․ փաստաբան

Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի մի քանի գյուղերի հանձնումից հետո հաջորդ քայլը կլինի փախստականների վերադարձը, հետո կառաջանա ադրբեջանցիների անվտանգության հարցը, հետո կտեսնենք, որ Հայաստանի մի մասը դարձել է յուրատեսակ հյուսիսային Կիպրոս, որը կոչվելու է «Արեւմտյան Զանգեզուրի Հանրապետություն»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանը չի թաքցնում այդ նպատակները։ Փաստաբանը միաժամանակ հիշեցրեց, որ եթե որեւէ փաստաթուղթ տարածքային փոփոխություններ է ենթադրում, ապա պետք է հանրաքվե անցկացվի։

Նրա խոսքով, «Ազատ Արցախ-Հայերի ձայն» նախաձեռնության հաջողությունն ապագայում կարող է հստակ ցույց տալ Հայաստանի տարածքի հանձնման գործընթացի ապօրինութունը, նախաձեռնությունն ընդունակ է փոփոխության, այն ցույց է տալիս ժողովրդի կամքը։

Նա վստահություն հայտնեց, որ ոչ մի փաստաթղթում չի ասվում, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի կարելի ճանաչել։ «Եթե բոլորն արդեն ամեն ինչ ճանաչել էին, եւ ճանաչելու բան չկար, ապա ինչի՞ մասին էին 30 տարվա բանակցություններն անցկացվում։ Ի՞նչի մասին էին ձեւաչափերը, որոնց շրջանակում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Ինչի՞ մասին էին Մադրիդյան սկզբունքները։ Պետությունը կա՛մ կա, կա՛մ չկա, ուզում ես ճանաչիր, ուզում ես մի՛ ճանաչիր։ Եթե ​​մարդուն մարդ չճանաչեն, նա դրանից չի դադարի մարդ լինել»,- ընդգծեց Օրբելյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանը խոսում է գոյություն ունեցող պետությանն իր կազմի մեջ վերաինտեգրելու մասին, հետեւաբար աշխարհը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։

Փաստաբանը հավելեց, որ աշխարհը չի ճանաչել ԽՍՀՄ-ի փլուզումը նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմաններով։ «Եթե այդպես լիներ, ապա Ռուսաստանն ու Ադրբեջանը 16 տարի սահմանազատում չէին անցկացնի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ տարածքային վեճ չէր լինի։ Գործընթացը միշտ հարաբերական բնույթ է կրում, կարեւորը՝ ներկայիս արդյունքն է։ Բանակցային սեղանին Մադրիդյան սկզբունքներն էին եւ կար անկախ, անվտանգ Լեռնային Ղարաբաղ եւ ապահով Հայաստան։ Այսօր Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը վտանգի տակ են»,- եզրափակեց նա։

  • Կիսվել: