կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանի տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներ և անվտանգություն. վարչապետը՝ կարմիր գծերի մասին

Հայաստանի տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներ և անվտանգություն. վարչապետը՝ կարմիր գծերի մասին

Հումանիտար ճգնաժամ երբ ասում ենք, ըստ էության, շատ մարդկանց համար դա կարող է ուղղակի քաղաքական տերմին լինել կամ լուրերի վերնագիր: Այս մասին Ֆրանս Պրեսին տված հարցվազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով այն մասին, թե անձամբ ինքն ի՛նչ կարող է անել Ադրբեջանի նախագահի հետ բանակցություններում, որպեսզի երաշխավորի Ղարաբաղում բնակվող հայերի արժանապատվությունը, ի՞նչ բանալիներ ինքն ունի՝ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Գիտեք, ընդհանուր առմամբ, պայմանները շատ կարևոր են: Եթե մի կողմ գնանք զուտ բանակցային բովանդակությունից, որովհետև այն, ինչ տեղի է ունենում բանակցային սենյակում, սկզբունքորեն շատ հաճախ կողքի հայացքով եթե անկողմնակալ դիտորդ դիտի, թե ինչ է տեղի ունենում բանակցային սենյակում, կարելի է գնահատել, որ սկզբունքորեն նորմալ է ամեն ինչ, ոնց որ թե արտառոց ոչ մի բան տեղի չունենում:

Բայց դրանից հետո պետք է ետ գալ և դիտարկել գործողություններ, հայտարարություններ: Ամենակարևոր բանը, որ իմ կարծիքով խանգարում է բանակցությունների առաջընթացին, Ադրբեջանի շարունակաբար ագրեսիվ հռետորաբանությունն է, ատելության խոսքը, հայերի և ամեն հայկականի նկատմամբ ատելության գործողությունները, և, իհարկե, վրեժի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հայության, ժողովրդի նկատմամբ և ակնհայտորեն էթնիկ զտումների քաղաքականությունը:

Տեսեք, հիմա ի՞նչ իրավիճակ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղում: Մենք այնտեղ հումանիտար ճգնաժամ ունենք: Հումանիտար ճգնաժամ երբ ասում ենք, ըստ էության, շատ մարդկանց համար դա կարող է ուղղակի քաղաքական տերմին լինել կամ լուրերի վերնագիր: Բայց եկեք փորձենք հասկանալ՝ ի՞նչ է դա նշանակում: Օրինակ՝ դա նշանակում է առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայություն: Տեսեք, այսօր Լեռնային Ղարաբաղում չկա ձեթ, չկա շաքարավազ, չկան հիգիենիկ պարագաներ, չկա կարագ, չկան սննդի մի շարք տեսակներ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, իհարկե, աշխատասեր ժողովուրդ է, և այս գյուղատնտեսական սեզոնին որոշ մթերքներ արտադրվում են: Բայց վառելիքի բացակայության պատճառով այս մթերքները հասցնել պոտենցիալ սպառողներին, գրեթե անհնար է: Այսինքն՝ Ղարաբաղում նաև հացահատիկի որոշակի պաշար կա: Բայց նախ վառելիքի բացակայության պատճառով դա հնարավոր չէ հասցնել ալրաղացներ:

Եթե ինչ-որ ձևով հնարավոր է հասցնել ալրաղացներ, վառելիքի բացակայության պատճառով դա հնարավոր չէ հասցնել հացի արտադրամասեր: Եթե ինչ-որ ձևով հասցնել հացի արտադրամասեր, հոսանքի և վառելիքի բացակայության պատճառով հնարավոր չէ հաց թխել առնվազն արտադրական ծավալներով: Եթե ինչ-որ ձևով հնարավոր է թխել, դա հնարավոր չէ հասցնել խանութներ: Եթե ինչ-որ ձևով հնարավոր է հասցնել խանութներ, մարդիկ ունեն տրանսպորտային սահմանափակումներ հաց ձեռք բերելու նպատակով խանութ հասնելու համար: Եթե ինչ-որ ձևով կարող են հասնել խանութ հաց գնելու համար, քանի որ զրկվել են աշխատանքից՝ չունեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ այն ձեռք բերելու համար:

Երբ այս բոլոր շերտերը, այս բոլոր ծանրությունները դնենք մի մարդու վրա՝ ամբողջ ծանրությունը հասկանալի է: Այսինքն՝ նկատի ունեմ այս պայմաններում հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունում և, իհարկե, նաև Լեռնային Ղարաբաղում հոռետեսությունն ամեն օրվա հետ ավելանում է, ինչը մեր քաղաքականությունը որևէ կերպ չի փոխում: Մենք համոզված ենք, որ բանակցային ճանապարհով հարցերը լուծելու մեթոդը միակն է: Բայց մյուս կողմից, եթե բանակցային ճանապարհով հարցեր չեն լուծվում, այդ բանակցությունները նույնպես հանրության շրջանում կարող են ընկալվել որպես ժամավաճառություն, կամ ընդամենը լրատվության մեջ ինչ-որ բան անելու տպավորության ձևավորում: Սրանք բոլորը ռիսկեր են, որ ուղիղ և անուղղակի ազդում են պրոցեսի վրա:

Վարչապետն անդրադարձել է նաև հարցին, թե որոնք են իր կարմիր գծերը այս պրոցեսում։

Այս առնչությամբ նա ասել է. ՛՛Մենք դրա մասին մի քանի անգամ ասել ենք՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները և անվտանգությունը: Ընդ որում՝ շատ կարևոր է հետևյալ մի արձանագրում, որովհետև կրկին իրավունքներ և անվտանգություն, այս մակարդակում դրանք տերմիններ են, մարդկանց համար ընդամենը տերմիններ են: Շատ կարևոր է, որ այդ տերմիններն արտահայտվեն այնպես, որ մարդը կարողանա կիրառել, օգտագործել և իրավունքներ ու այնպիսի անվտանգություն ունենալ, որն իրեն, իր միջավայրին, իր ընտանիքին, իր երեխաներին հնարավորություն կտա ապրել, ինքնաարտահայտվել, զարգանալ այդ միջավայրում:

Շատ կարևոր է նաև արձանագրել, որ մեր դիրքորոշմամբ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը պետք է հասցեագրվի հենց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած երկխոսության, բանակցությունների, քննարկումների արդյունքում: Մենք դա անվանում ենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն: Բայց հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ուժերի անհամաչափելիությունը՝ մենք կարծում ենք, որ եթե մենք Ստեփանակերտին և Բաքվին թողնենք դեմ դիմաց, Բաքուն հնարավորություն կունենա կա՛մ մոռացության մատնել այդ օրակարգը, կա՛մ լինել մենախոսողի և ոչ թե երկխոսողի դերում:

Սա է պատճառը, որ մեր ընկալմամբ, այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմների շրջանակում, որտեղ վկա, ներկա կլինի միջազգային հանրությունը: Հայաստանի պարագան բարդ է ինչո՞վ: Հայաստանի պարագան բարդ է նրանով, որ Հայաստանի շահագրգռվածությունը գործընթացում Ադրբեջանն ընկալում և մեկնաբանում է որպես ոտնձգություն կամ նկրտում Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Հենց այս ընկալման պատճառով այդ ձևաչափում խոսակցությունները կառուցողական չեն ստացվել և չեն ստացվում: Եվ դա ի վերջո ցույց է տվել ամբողջ բանակցային պատմությունը:

Իսկ ինչ միջազգային մեխանիզմներ է պատկերացնում Նիկոլ Փաշինյանը, որոնք կերաշխավորեն Ղարաբաղի հայկական բնակչության անվտանգությունն ու իրավունքները։

Այս հարցին ի պատասխան՝ վարչապետը նշեց. ՛՛Գիտեք, դրանք աշխատանքային հարցեր են, որոնք միայն մեր ընկալումներից չեն կախված: Դրա համար ես չէի ուզենա որևէ կոնկրետ պատկերացում ընդգծելով՝ սահմանափակել հետագա խոսակցությունը, կամ մեզ համար սահմանափակումներ ստեղծել այդ խոսակցության մեջ: Մեր հիմնական խնդիրն այն է, որ այդ երկխոսությունը տեղի ունենա և տեղի ունենա իրական երկխոսություն, այսինքն՝ տեղի ունենա խոսակցություն, որովհետև այդ խոսակցության միջոցով է, որ հնարավոր է հաղթահարել անվստահությունը, ատելությունը, նույնիսկ լարումները և նույնիսկ ավելի լավ հասկանալ միմյանց՛՛։

Հարցազրուցավարի հարցին, թե արդյոք Փաշինյանը կարծում է, թե Ադրբեջանը վտանգի տա՞կ է դնում Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ մասնավորապես հաշվի առնելով իրավիճակը Սյունիքում, նաև այն, որ Ջերմուկ քաղաքն անցած տարի հայտնվեց կրակի տակ, նա սա համարու՞մ է Ադրբեջանի կողմից սպառնալիք Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հանդեպ, և ի՛նչ է կարծում, կարո՞ղ է կրկին պատերազմ տեղի ունենալ՝ վարչապետը պատասխանեց, ընդհանրապես, քանի դեռ խաղաղության պայմանագիր ստորագրված չէ, և այդ պայմանագիրը վավերացված չէ երկու երկրների խորհրդարանների կողմից՝ պատերազմն, իհարկե, շատ հավանական է։

՛՛Եվ ընդհանրապես ցանկացած տեղում, երկրագնդի վրա, որտեղ կա կոնֆլիկտային իրադրություն, որը լուծված չէ պայմանագրով, այսինքն հասցեագրված չէ, ցանկացած տեղում, ցանկացած պահի կարող է պատերազմ լինել, սա պետք է արձանագրել։

Իհարկե, հավանականությունների տարբեր սանդղակներ կան, բայց սա որպես կանոն պետք է արձանագրել։ Սրան գումարվում է Ադրբեջանի ակնհայտ ագրեսիվ հռետորաբանությունը, սրան գումարվում է ատելության խոսքը, սրան գումարվում է աշխարհաքաղաքական ընթացիկ վիճակը, որտեղ, ըստ էության, աշխարհակարգը, որը որոշ ժամանակ առաջ ենթադրում էինք, որ ինչ-որ ձևով գոյություն ունի, հիմա տեսնում ենք, որ մեծ հաշվով գոյություն չունի։ Սրան նպաստում է ռազմական բալանսի խախտումն Ադրբեջանի և Հայաստանի միջև և այլն, և այդպես շարունակ։

Եվ իհարկե, այո, նոր էսկալացիաները, նոր պատերազմները միշտ էլ հավանական են, ինչը չի նշանակում, որ դա տեղի կունենա, և ինչը նաև չի նշանակում, որ դա տեղի չի ունենա։ Եվ բառիս բուն իմաստով ամեն օր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում։ Իմ վարչապետության ավելի քան 5 տարվա ընթացքում կարող է եղած լինել մեկ, երկու, մաքսիմում երեք օր, ես շատ չափազանցնում եմ, շատ եմ չափազանցնում, որ հրադադարի ռեժիմի խախտում տեղի չի ունեցել։ Հինգ տարվա ընթացքում, ամենագերագնահատված գնահատականով, կարող է ունեցած լինենք երեք օր, երբ հրադադարի ռեժիմի խախտում տեղի չի ունեցել, այդ օրերից մեկը 2020 թվականի նոյեմբերի 11-ն է, սա էլ հանենք, այսինքն դրանից դուրս երկու օր, մեկը կասկածելի՛՛,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: