շաբաթ, մայիս 3
3 / 5 / 2025
Հայաստանի մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին

Հայաստանի մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին

Մայիսի 2-ին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին:

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած ՄԱԿ-ի ԳՔ հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում, կարևորելով ՄԱԿ-ի հետ հարաբերությունների հետևողական ընդլայնումը, դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) 2026թ. Հայաստանում հյուրընկալելու կապակցությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը։

Զրուցակիցները անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի։ Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրել է տարածաշրջանում տևական կայունության և խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի կողմից գործադրվող հետևողական ջանքերն՝ առանձնանշելով «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» արդեն իսկ համաձայնեցված տեքստի առանց հապաղման ստորագրման կարևորությունն, ինչպես նաև Հարավային Կովկասի փոխկապակցվածությանը և ենթակառուցվածքային ողջ ներուժի բացահայտմանը ուղղված ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման նշանակությունը։

  • Կիսվել: