Հայաստանի ԿԸՀ-ն անկախության պակաս չունի․ Վահագն Հովակիմյան
ՀՀ ԿԸՀ-ն անկախության պակաս չունի։ Սահմանադրական դատարանի նիստում՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով քաղաքական ուժերի ներկայացրած հայցի քննության ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Ավելի վաղ անկախության պակասի մասին հայտարարել էր հայցվորներից մեկը։
Թվարկելով վերջին տարիներին անցկացված ընտրությունները՝ Հովակիմյանը նշել է, որ ՍԴ սույն դիմումը քաղաքական դիվիդենտներ է ապահովում։ Զանգվածային խախտումների մասին հայտարարությունները նա համարում է մտացածին։ Որքան էլ դրանց մասին խոսվի, դրանք փաստ չեն դառնա, վստահեցրել է ԿԸՀ նախագահը։
Հովակիմյանն ընդգծել է, որ չկան այնպիսի խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա, իսկ կասկածների դեպքում իրականացվել է ձայների վերահաշվարկ։ Երեք ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը նույնպես չի ազդում ընդհանուր արդյունքի վրա, ընդհակառակը՝ դա ապահովել է, որ այդ երեք վիճահարույց տեղամասերի արդյունքները չազդեն ընդհանուր պատկերի վրա, վստահեցրել է ԿԸՀ ղեկավարը։
Միաժամանակ նա հավաստիացրել է, որ ԲՀԿ-ն չէր հաղթահարի անցողիկ շեմը նույնիսկ այն դեպքում, եթե նշված երեք տեղամասերի արդյունքներն անվավեր չճանաչվեին։
ԿԸՀ-ն գործել է օրինական, նրա որոշումները եղել են իրավաչափ, ուստի հանձնաժողովը խնդրում է ՍԴ-ին ուժի մեջ թողնել ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը, հայտարարել է Հովակիմյանը։ ԿԸՀ նախագահին չի հաջողվել լիովին ներկայացնել իր բոլոր փաստարկները, քանի որ պատասխանող կողմին հատկացված ժամանակն սպառվել է։


