հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի կողմից զինատեսակների ձեռքբերումը միտված է տարածաշրջանում բալանսի վերականգնմանը. Քոչարյան

Հայաստանի կողմից զինատեսակների ձեռքբերումը միտված է տարածաշրջանում բալանսի վերականգնմանը. Քոչարյան

Բոլոր զինատեսակները գնահատել մահաբեր, և ոչ մահաբեր՝ սխալ է, պաշտպանական և ոչ պաշտպանական բնույթի զինատեսակների մասին է խոսքը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, որ ԵՄ-ն շարունակում է քննարկումները «Խաղաղության եվրոպական հիմնադրամի» գործիքների միջոցով Հայաստանին օժանդակելու հարցի շուրջ, խոսքը ոչ մահաբեր զինատեսակներով աջակցելու մասին է:

«Բնականաբար մենք հիմա կենտրոնացած ենք պաշտպանական խնդիրների լուծման վրա, դա լինի ինժեներական բնույթի, լինի հակաօդային պաշտպանության: Եվ ընդհանրեպես «հակա» բառը մեր պաշտպանական բոլոր խնդիրների հիմքում է: Մեր ձեռքբերված զինատեսակները միտված են տարածաշրջանում խախտված բալանսի վերականգնմանը, որովհետև դրա խախտումն էր, որ տվեց հակառակորդին հնարավորություն անցնել ռազմական գործողությունների: Ընդ որում, մեկ անգամ 2016 թվականին, իսկ լայնամասշտաբ՝ 2020 թվականին»,- ասաց Քոչարյանը:

 

Վերջինս դիմելով լրագրողներին ասաց՝ ափսոս չունեիք հնարավորություն մասնակցելու 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը, որտեղ ՀՀ պաշտպանության նախարարը մանրամասն ներկայացրեց ոչ միայն սպասվելիք պայմանագրերի կատարումը, այլ նաև արդեն կնքված պայմանագրերի կատարված լինելը, որի արդյունքում նաև մեր ընդդիմադիր գործընկերներից մեկ-երկուսը դուրս եկան և ձեր ներկայությամբ ասացին, որ իրենք հուզվել են և իրենց լացը եկել է. «Ես պատասխանեցի, որ կարելի էր հուզվել այդ աշխատանքի ծավալը լսելուց հետո»:

Քոչարյանը նաև նշեց. «Բայց այնքան ուրախացա, որ վերջերս ադրբեջանցիները ինչ-որ դիրքից նկարել էին մեր ինժեներական դիրքերը, և ինչ-որ մեկը՝ ձեր բլոգեր ընկերներից մեկը շատ լավ համեմատության մեջ երկու նկար էր դրել՝ Սերյան Օհանյանի «բանկա-բութուլկեքը» և 2018 թվականից հետո մեր ինժեներական կառույցների տարբերությունը: Մինչև լայնածավալ պատերազմը սկսելը Ղարաբաղում մի այդպիսի դիրք էինք կահավորել, որտեղ ոչ միայն զոհ չունեցանք, այլև վիրավորներ էլ չունեցանք:

Մեր զինված ուժերը իր բարեփոխումների ծավալը պետք է դարձնի  անշրջելի եւ հասնենք այն նպատակին, որ ոչ միայն բալանսը կվերականգնվի, այլեւ բանակում ծառայողները կունենան այդ ամենը տնօրինելու հմտություններ:

Ես չեմ ուզում թերագնահատել հակառակորդի ցանկությունները և նպատակները, բայց ես ուզում եմ մենք բոլորս գիտակցենք, որ մեր պաշտպանության խնդրի լուծումը գտնվում է Հայաստանի պետության ձեռքում՝ յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության շնորհիվ»,- հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը:

  • Կիսվել: