«Հայաստանի Հանրապետություն»․ Բաց եւ վստահելի, կասկածներ չհարուցող
«Հայաստանի Հանրապետություն» թերթ գրում է․ «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի երեկվա նիստում դրական եզրակացություն տրվեց կառավարության կողմից ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին։
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունները միանշանակ չեն ընդունվել հասարակական կազմակերպությունների կողմից, փոփոխությունների ենթարկվող դրույթների վերաբերյալ ստացվել են բազմաթիվ հարցադրումներ: Մասնավորապես մտահոգություններ են հնչել, որ դրանցում առկա է իրենց գործունեության նկատմամբ որոշակի միջամտության հնարավորություն։
«Գործող օրենքով այն հասարակական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում էին հանրային միջոցներից, պարտավոր էին ներկայացնել հաշվետվություններ, իսկ այն ՀԿ-ները, որոնք ունեին մասնավոր ֆինասնավորման միջոցներ, ազատված էին հաշվետովություն ներկայացնելու պահանջից։ Առաջարկվող փոփոխությամբ ընդլայնվել է կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկատվական ծավալը, որի արդյունքում հաշվետվությունը բաղկացած է լինելու պայմանական երկու մասից․ առաջինը՝ ընդհանուր տվյալներն են կազմակերպության մասին, երկրորդը՝ հաշվետվողականությունը գործունեության մասին»,- մասնամասնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, հարակից զեկուցող Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ որ օրենքում փոփոխություններն արվում են հասարակական կազմակերպությունների նկատմամբ հանրային վստահության, ինչպես նաեւ հանրային վերահսկողության մեծացման տրամաբանությունից․ «Հասարակական կազմակերպությունների գործունեությունը պետք է բաց եւ վստահելի լինի եւ հասարակության մոտ կասկածներ չպետք է առաջանան կազմակերպությունների գործունեության բովանդակային եւ ֆինանսական առումներով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։